Եկեղեցին Աստծո տունն է, մենք` զավակերը՝ «անիրավ ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, արեցինք»

Արագածոտնի թեմը հրապարակել է Տեր Օշին քահանա Հայրապետյանի հուշերը՝ Սաղմոսավանքի ծառայությունից․
«Քո տան նախանձախնդրությունն ինձ կերավ» (Սաղմ.68։10)։
Այս խոսքերն ասել է Դավիթ թագավոր-սաղմոսերգուն` ցույց տալով իր վերաբերմունքը Տաճարի նկատմամբ։ Եվ Տաճար կառուցելը Դավիթ թագավորի համար գերագույն նպատակ էր, որովհետև Տաճարը տուն է Աստծո համար։
Դարերի ընթացքում այդ նախանձախնդրությունը չի մարել։ Բոլոր հինավուրց Եկեղեցիների պատերին կգտնես արձանագրություններ, որոնք կառուցման թվականը նշելուց զատ պատմում են տարատեսակ նվիրատվությունների մասին. այգին, առուն, որևէ տարածք նվիրաբերելու մասին են այդ գրվածքները, իսկ փոխարենը նվիրատուները խնդրում են մի բան` ԱՂՈԹՔ։
Դարեր են անցել և, փառք Տիրոջ, այդ նախանձախնդրությունը արթուն է հավատավոր մարդկանց մեջ։ Մտնում ես Եկեղեցի, տեսնում ես այն բարեզարդված, գեղեցիկ, սպասքով հագեցած։ Դուռը, վարագույրը, մոմակալը, ճաճանչը, խաչը, Սուրբ Գիրքը հավատավոր մարդկանց ազնիվ նվիրատվություններ են։ Սուրբ Սկիհը Պատարագի ընթացքում վերցնում ես ձեռքդ, կարդում մանր տառերով գրված նվիրատուի անունը և ակամայից ծառայական ոգով ես լցվում։
Եկեղեցիների բակերի բարեկարգում, նորոգություն, կառուցում, նույնպես ազնիվ նվիրատվությունների արգասիք են։ Ասել է թե, Աստծո տունը հյուսվում է հավատացյալների միահամուռ ջանքերով։
Եվ այս բոլոր անձինք ունեն մեկ ընհանրություն. Ասված իրենց կյանքում մի բան արել է, իսկ իրենց նախանձախնդրությունը ուտում է իրենց։ Եվ այս օրինակները բազում են։
Հիշում եմ մի օր մկրտության ժամանակ երգիչ Արամեն կնքահայր էր։ Մկրտության ավարտին նա մոտեցավ ինձ և խնդրեց, որ օրհնեմ իրեն, որովհետև զավակ չէին ունենում` լինելով լիովին առողջ։ Զրույցի ընթացքում պարզվեց, որ Պսակված չեն Եկեղեցական սուրբ ծեսով։ Առաջարկեցի, որ Պսակադրություն կատարենք, համաձայնեցին։ Պսակվեցին, և փառք Աստծո, հիմա զավակներ ունեն։ Արամեն դարձավ նաև Սաղմոսավանքի խաչի քավոր, և դարձավ մեր Եկեղեցու ազնիվ նվիրատուներից մեկը։
Սա մի պարզ օրինակ է բազում դեպքերից։ Եվ Աստված գիտի և ճանաչում է Իր բոլոր նվիրյալ զավակներին, ովքեր սիրով նվիրատվություններ են անում իրենց համեստ կարողությունից։
Եվ այսպես տարիների ընթացքում բարեզարդվում են մեր վանքերն ու եկեղեցիները։
Ի վերջո բոլորս գիտակցում ենք մի բան. Եկեղեցին Աստծո տունն է, մենք` նրա զավակերը, որ «անիրավ ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք» (Ղուկ.17։11)։
Տեր Օշին քահանա Հայրապետյան