Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր. Սամվել Կարապետյանի փաստաբաններ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել Վերաքննիչի այսօրվա որոշման վերաբերյալ։
«Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը կանխատեսելի էր ու եկավ հաստատելու Հայաստանում դատական և իրավապահ համակարգի՝ քաղաքական հետապնդում իրականացնելու գործիք լինելու մասին կարծիքը։ Անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները, որ կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։
Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ։
Միաժամանակ, իրավական այս աբսուրդի, քաղաքական հետապնդման և ճնշման պայմաններում առաջադրված 2-րդ աբսուրդային մեղադրանքի՝ փողերի լվացման և այլ տնտեսական բնույթի ենթադրյալ հանցանքների դրվագներով Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որը բողոքարկվել էր դատախազության կողմից և որով հերքվել էր անգամ նվազագույն հիմնավոր կասկածի մակարդակում նշված հանցանքների հետ առնչությունը:
Մենք հետևողականորեն շարունակելու ենք պայքարը հանուն արդարության՝ մեր ձևով»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։