Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ, քիչ առաջ նրա պաշտպանական խումբը ստացել է դատարանի որոշումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը պաշտպանների ու գլխավոր դատախազության բողոքը մերժել է։
Վարդևանյանը նշեց նաև, որ միջնորդել էին Սամվել Կարապետյանի հայտնի արտահայտության՝ «մեր ձևով» Եկեղեցու պաշտպանությանը մասնակցելը՝ իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելը, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով բավարարել, ինչպես նաև՝ այլընտրանքային խափանման միջոց կիրառել, սակայն դատարանը մերժել է։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին իրավապահները ձերբակալեցին, իսկ դատարանը հետո կալանավորեց խոշոր գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին սահմանադրական կարգի տապալման կոչի մեղադրանքով միայն այն բանի համար, որ վերջինս, հանդես գալով ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, հարցազրույցում ասել էր, որ «մեր ձևով կմիջամտենք» խնդրին, եթե քաղաքական գործիչները չկարողանան իրականացնել այդ գործառույթը։
Հետաքրքիր է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները Կարապետյանի հասցեին, որը փաստաբանները գնահատում են իբրև քննությանն ուղիղ միջամտելու և իրավապահներին ուղղորդելու փորձ։
Մերի Մանուկյան