Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ․ Սպերցյան

Աշխարհի 2026թ․ առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ցավալի պարտություն կրեց՝ զիջելով Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն 0:5 հաշվով։
Խաղից հետո Հայաստանի ընտրանու և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ թիմը պատրաստվում է ուղղել սխալները։ Այս մասին հայտնում է Armsport-ը։
«Իհարկե սպասում էինք, որ շատ դժվար է լինելու։ Տանը կրկին այսքան գոլ բաց թողնելը շատ է, նույնիսկ այնպիսի հավաքականից, ինչպիսին Պորտուգալիան է։
Կաշխատենք ուղղել սխալները և մեզ ճիշտ դրսևորել Իռլանդիայի դեմ։ Շնորհակալ եմ երկրպագուներին մթնոլորտի և աջակցության համար։
Մենք վերակառուցման փուլում ենք։ Հուսամ՝ շուտով կուրախացնենք բոլորին, նաև ինքներս մեզ»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հետ հանդիպումը սեպտեմբերի 9-ին է, 20։00-ին։