Մահվան ելքով վրաերթ. «ՎԱԶ 21102»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել բնակչի տան հողամասում

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Զ.-ն իր վարած «ՎԱԶ 21102» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 79-ամյա Հարություն Ս.-ին։
Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բնակչի տան հողամասում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Գրիգորյանն ու պարեկ Շուշանիկ Հակոբյանը։Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում զննություն կկատարեր քննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։