Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Ցեղասպանության հուշահամալիրի վերանորոգման աշխատանքների մրցույթը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․
«Պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ ամբողջական տեղեկատվություն ստանալու ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ-ում և ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ում պետական ֆինանսավորմամբ իրականացվող վերանորոգման աշխատանքների կազմակերպման և ընթացքի վերաբերյալ։
Երկու հաստատությունում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են վերանորոգման ընթացքում բացահայտված խայտառակ և անթույլատրելի պատկերի պատճառով․․․
Հանրապետական նշանակության հուշարձան լինելու կողքին, այս երկու կառույցներն էլ ողջ հայության համար նվիրական ու նշանային հասցեներ են․․․։
Մասնավորապես ակնկալում եմ ամբողջական տեղեկատվություն ստանալ հետևյալ հարցերի առնչությամբ։
1․ Ու՞մ կողմից և ինչպե՞ս է կազմակերպվել Հուշարձանների վերանորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթը։ Քանի՞ կազմակերպություն է մասնակցել մրցույթին։
2․Ինչպե՞ս և ի՞նչ չափանիշներով է ընտրվել այն կազմակերպությունը, որը պետք է վերանորոգման աշխատանքներ կատարեր։
3․Տվյալ մրցույթում հաղթած կազմակերպությունը պատմամշակութային, այն էլ՝ հանրապետական նշանակության հուշարձան նորոգելու փորձ և համապատասպան կարողություններ ունի՞։
4․Ինչպե՞ս են կազմակերպվել վերանորոգման նախագծային աշխատանքները, արդյոք գնահատվել են ռիսկերը, իրականացվե՞լ է հուշարձանի պատշաճ ուսումնասիրություն՝ կապված ընդգրկող մակերեսների, վերականգնման մեթոդների և նյութերի ընտրության առնչությամբ։
5․Իրականացվե՞լ է արդյոք շինարարության կազմակերպման նախագիծ՝ ներառելով բոլոր ուղղությունները։
6․Ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես պատվիրատու և Քաղաքաշինության կոմիտեն՝ որպես տեսչական լիազորություն ունեցող պետական լիազոր մարմին կամ՝ «Հայնախագիծը», չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ՝ գերատեսչական, հեղինակային և տեսչական հսկողության իրականացնելու հաստատված նախագծի նկատմամբ և կանխելու հուշարձանի վնասումն ու խոշտանգումը։
7․ Իսկ, եթե մայիսի 1-ից սկսված վերականգնման աշխատանքների նկատմամբ տեսչական, վերահսկողական կամ հեղինակայնի աշխատանքներ կատարվել են, ապա տրամադրեք վեր հանված խնդիրների առնչությամբ արձանագրությունները։
8․ Այս պահին առևեևութ դադարեցված նախագծի առնչությամբ ի՞նչ մոտեցում է որդեգրել նախարարությունը և ի՞նչ հանգուցալուծում է տեսնում։
9․ Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորություններն ու պարտականությունները ձախողած պաշտոնատար անձինք»։