Պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկելը ապօրինություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանը, որը Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, 2025 թվականի սեպտեմբերի սկզբին հայտարարեց, որ 44-օրյա (2020 թ.) պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ներկայացվելու է սեպտեմբերի 27-ին հաջորդող Ազգային ժողովի լիագումար նիստի համապատասխան օրերին։ Եվ ահա նախօրեին Քոչարյանը հայտարարություն էր տարածել, որ զեկույցն արդեն Ալեն Սիմոնյանին է ուղարկել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետք է որոշի, թե զեկույցի որ մասն է բաց ներկայացվելու հանրությանը, որ հատվածը՝ գաղտնագրվելու:
Զավեշտալին այն է, որ Քոչարյանը հանձնաժողովի ոչ մի անդամի այդպես էլ չի ներկայացրել, թե ինչ է գրել զեկույցում, ինչ է ուղարկել Սիմոնյանին:
Մեծ հաշվով, այդ զեկույցը իրավական առումով աղբ է, քանի որ հանձնաժողովի ժամկետները վաղուց սպառված են, եւ զեկույց ներկայացնելու իրավական հնարավորությունը արդեն բաց է թողնված:
Եթե Ալեն Սիմոնյանը որոշի այն նիստերից մեկում քննարկել, դա կլինի ապօրինի, քանի որ բոլոր ժամկետները տվյալ հանձնաժողովի գործունեության համար լրացել են վաղուց. այդ հանձնաժողովը, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, գոյություն չունի արդեն 1 տարուց ավելի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: