Չինաստանը քննադատել է Թրամփի պահանջը ԵՄ-ին՝ ճնշում գործադրել Պեկինի վրա ՌԴ-ի հետ կապերի պատճառով

Չինաստանի իշխանությունները միանգամայն անտեղի են համարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը ԵՄ-ի երկրներից՝ ճնշում գործադրել Չինաստանի վրա Ռուսաստանի հետ ունեցած նրա առևտրային կապերի համար:
Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը:
«Մենք վճռականորեն դեմ ենք ՉԺՀ-ի կամայական հիշատակմանն այս համատեքստում և կտրականապես դեմ ենք Չինաստանի վրա, այսպես կոչված, տնտեսական ճնշում գործադրելու ցանկացած փորձի», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Թրամփի կողմից ԵՄ-ին նման պահանջ հայտնելու մասին տեղեկատվությունը
Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, Պեկինը հետևողականորեն պահպանում է արդար և օբյեկտիվ դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում, որը Վաշինգտոնը փորձում է կապել ռուս-չինական տնտեսական հարաբերությունների հետ:
«Չինաստանը հանդես չի գալիս որպես այս ճգնաժամի հրահրող և դրանում ներգրավված կողմերից մեկը չէ», – եզրափակել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպման մասնակիցների հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Եվրամիության պետությունները պետք է դադարեցնեն նավթ գնել Ռուսաստանից: Նա ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդները պետք է նաև տնտեսական ճնշում գործադրեն Չինաստանի վրա՝ ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններ պահպանելու համար։