Դատարանն առժամյա կանխել է Արցախից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը. «Ազգ»

Սեպտեմբերի 1-ին Գերմանիայի Հյուսիս Հռենոս Վեստֆալիայի Գելզենքիրհենի դատարանը ընդունել է փաստաբանի հրատապ միջնորդությունը եւ առժամյա կանխել Գերմանիայի ներգաղթի եւ փախստականների գերատեսչության (BAMF)՝ ԼՂ-ից բռնագաղթած՝ Գերմանիայում ապաստանի հայցը մերժած հայուհու Ադրբեջան հարկադրյալ արտաքսումը: Արցախից բռնագաղթածները թեեւ ունեն ՀՀ կապույտ անձնագիր, բայց ինչպես 2023-ից հետո պարզվեց, 070 ծածկագրով տարբերակվող անձը հաստատող փաստաթուղթը ՀՀ քաղաքացիության լիարժեք հաստատում չէ:
Գերմանիայի Ներգաղթի եւ փախստականների գերատեսչությունը միգուցե հենվում է «Եթե ՀՀ քաղաքացի չէ, ուրեմն արտաքսման երկիր պիտի լինի ծագման երկիրը» տրամաբանության վրա, բայց այդ պարագայում խիստ կասկածում եմ, թե որեւէ ուկրաինացու Ռուսաստան կարտաքսե՞ր: Գելզենքիրհենի դատարանը արտաքսումն առկախելու օրը բարեբախտաբար համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականություն կա, եւ այն կանոնավոր բնույթ է կրում: ԼՂ-ից արտաքսված հայերի կարգավիճակի վերաբերյալ ԳԴՀ-ում դատական երկու որոշում է հայտնի՝ 2024-ի սեպտեմբերի 16-ի եւ նոյեմբերի 4-ի վճիռներով Կասելի վարչական դատական ատյանը որոշել է, որ ԼՂ նախկին բնակիչները, որ բռնի տեղահանվել, փախել են ԼՂ-ից, 070 թողարկման ծածկագրով հայկական անձնագիր են ունեցել, էթնիկ հայ են, բայց չպետք է դիտարկվեն որպես ՀՀ քաղաքացիներ:
Չնայած ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին անցյալում միշտ տրամադրել է հայկական անձնագրեր, սակայն բացառապես արտասահման մեկնելու հնարավորության նպատակով, առանց քաղաքացիության ճանաչման: Արցախից հայերի բռնի լայնածավալ վտարման եւ Հայաստան ներգաղթի ընթացքում հանրությունը տեղեկացավ, որ այս խմբին Հայաստանում քաղաքացիության որեւէ իրավունք չի շնորհվել: Հայաստանի կառավարությունը այդուհետ նրանց հնարավորություն տվեց դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: