․․․գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսներն ես նայում եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրում

Դիտում եմ Չինաստանում ռազմական շքերթի կադրերը եւ մարմնովս սարսուռ է անցնում` անթերի հագնված, ձիգ զինվորականների քայլք, զենք-զինամթերքի նախանձելի ցուցադրություն: Տրիբունան ու հանդիսատեսը, դրոշներն ու երաժշտությունը, չինացիների ոգեւորությունը մեծ պատկառանք են ներշնչում: Պարզ է, որ մենք Չինաստանի հետ «ոտք գցել» չենք կարող, եւ այդ հզորությունը բնակչության քանակով, հարյուրամյակների տքնաջան աշխատանքով, պատերազմների ու հակամարտությունների գնով ձեռք բերված իրողություն է: Բայց միայն քանակը չէ, որ ազգերին ազգ է դարձնում, պետությունները` պետություն: Դա տվյալ ազգի հավաքական խելքի, կոլեկտիվ աշխատանքի, գաղափարական հենքի, իր պատմության ընթացքում ճիշտ ընտրություն կատարելու հետեւանք է: Երբ պետության գլխին կանգնած մարդիկ ոչ թե իրենց խղճուկ աթոռը պահելու մասին են մտածել տասնամյակներ շարունակ եւ ամեն խորամանկ հնարքի դիմել` մրցակիցներին ոչնչացնելու, իշխանությունը երկար պահելու-վայելելու համար, այլ պետության մասին են մտածել, իրենց միջի խելացի անհատներին են առաջ մղել, խելացիների խորհուրդներն են լսել, հեռանկարային ծրագրեր են իրականացրել: Իսկ երբ տեսել են, որ իրենց մոտ չի ստացվում պետություն կառավարելը, եւ պետությունն իրենց պատճառով կորուստներ է կրում, ժամանակին հեռացել են՝ շանս տալով իրենց ազգին նոր իշխանություն ձեւավորելու, «զրոյական կետից», մաքուր էջից իր պատմությունը կերտելու: Հակառակ դեպքում ստացվում է, որ դու` որպես պետության ղեկավար, չես կարողանում բանակ ստեղծել, զենք-զինամթերք ձեռք բերել, 7 տարվա ընթացքում գեթ մեկ զորահանդես անել, ստրատեգիական պարտնյորներ գտնել, բայց գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսներն ես նայում եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրում: Ստացվում է, որ դու ընդամենը զբոսաշրջիկ ես եւ պաշտոնավարման ժամկետդ օգտագործում ես աշխարհով մեկ շրջելու, այս ու այն երկրի տեսարժան վայրերն ու անգամ` աղբամանները նկարելու եւ դա ֆեյսբուքում հրապարակելու համար:
Գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը