Ադրբեջանից հայտարարություններ են անում, որոնք ուղիղ սպառնալիք են հայ մշակութային ժառանգությանը

Monument Watch.
Ադրբեջանի hնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևը վերջերս ծավալուն հարցազրույց է տվել, որտեղ անդրադարձել է օկուպացված Արցախում ադրբեջանական կողմի իրականացվող հնագիտական աշխատանքներին և ուսումնասիրություններին: Նշենք, որ նախկինում Ադրբեջանի գիտական համայնքը ծավալուն հարցազրույցներ և վերլուծություններ չի ներկայացրել Ղարաբաղում իրականացված հնագիտական աշխատանքների մասին: Եղած հրապարակումներն էլ ու հարցազրույցները եղել են կցկտուր:
Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը հայտարարել է, որ հայկական կողմը Ղարաբաղում իրականացրել է համակարգված մշակութային ցեղասպանության քաղաքականություն, որի թիրախ են դարձել ինչպես իսլամական, այնպես էլ քրիստոնեական հուշարձանները: Ըստ Գուլիևի՝ հայկական կողմը նպատակուղղված կերպով ոչնչացրել է իսլամական շրջանի հուշարձանները, իսկ քրիստոնեականները՝ հայացրել:
Ադրբեջանական կողմի այս կեղծ հայտարարությունները նոր չեն և վերջին տարիներին անընդհատ կրկնվում են: Ուշագրավ է Ֆարհադ Գուլիևի այն միտքը, որ ադրբեջանական կողմը պետք է հասկանա, թե Ղարաբաղի քրիստոնեական եկեղեցիների վրա եղած հայերեն արձանագրություններից որոնք են կեղծ, որոնք են պատմական, որոնք են ուշ և օկուպացիոն շրջանի հավելում:
Նշվել է, որ ադրբեջանական գիտական համայնքի առաջնային խնդիր է դարձել քրիստոնեական ժառանգության ուսումնասիրությունը:
Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրենը նշել է, որ Ղարաբաղում հետազոտությունների առաջնային նպատակը հայկական օկուպացիայի շրջանում արված վնասների փաստագրումն է հայկական կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հետազոտությունները դատական հնագիտության մի մասն են և արվում են միջազգային գործընկերների հետ միասին:
Հաջորդ հայտարարությունները վերաբերում են հայկական կողմի աշխատանքներին: (https://arxeologiya.az/qarabag-v%C9%99-s%C9%99rqi-z%C9%99ng%C9%99zurda-beyn%C9%99lxalq-t%C9%99dqiqatlar-aparilir-f%C9%99rhad-quliyev-musahibe/?fbclid=IwQ0xDSwMatnhjbGNrAxq2aWV4dG4DYWVtAjExAAEeLvQKWazcHdLFG4G3cpWEV8vX3ZCfK9LKXUdOS54Qkyu7tjcCo8Mjb62dR8U_aem_cYg6zOQrp5dk4DlKXk08kA&lang=az):
Մեր արձագանքը
Ադրբեջանի հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիևի այս հայտարարությունները ոչ միայն ակնհայտ կեղծիք են, այլ նաև ուղիղ սպառնալիք հայ մշակութային ժառանգությանը․ դրանք վտանգում են հատկապես եկեղեցիների և այլ հուշարձանների վրա եղած հայերեն արձանագրությունները։ Նման ձևակերպումներով ադրբեջանական կողմը փորձում է «կեղծ» կամ «օկուպացիոն շրջանի հավելում» որակել հայ մշակութային ժառանգությունը, ինչով հող է նախապատրաստում դրանց ոչնչացման համար։ Սա ոչ թե գիտական քննարկում է, այլ մշակութային ժառանգության ինքնության փոփոխման և հայկական ներկայության ժխտման ծրագիր։ Ակնհայտ է, որ նման հայտարարությունները միտված են հայկական մշակութային ինքնությունը ժառանգությունից մաքրելու և այն ադրբեջանական կամ «ոչ հայկական» ինքնություն վերագրելուն։ Մինչդեռ միջազգային իրավունքի նորմերը և բազմաթիվ կոնվենցիաներ՝ այդ թվում Հաագայի և Ժնևի կոնվենցիաները, արգելում են մշակութային ժառանգության ինքնության փոփոխությունը, արձանագրությունների մաքրումը կամ ոչնչացումը։ Այսպիսով, Գուլիևի հայտարարությունները ոչ միայն քաղաքականացված և գիտական արժեքից զուրկ են, այլ նաև միջազգային իրավունքի կոպիտ խախտման բացահայտ օրինակներ են։