Ադրբեջանում առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ․ Վեհափառ

Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովը։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքի նպատակն է համախմբել երիտասարդ հոգևորականների՝ համատեղ խորհելու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, ուսումնասիրելու Նիկիական Հավատամքի իմաստն ու արդիականությունը մեր օրերում և խթանելու եղբայրության ու համագործակցության ոգին։

Սեպտեմբերի 4-7-ն անցկացվող համաժողովին մասնակցում են Հայոց Եկեղեցու նվիրապետական Աթոռների՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Կ․ Պոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունների, ինչպես նաև Քույր Եկեղեցիների, տարբեր հարանվանությունների և միջեկեցական կառույցների ներկայացուցիչներ։

Համաժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Այնուհետև մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Նորին Սրբությունն իր խոսքում ընդգծեց, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը որոշիչ նշանակություն ունեցավ ոչ միայն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու ուղղափառ հավատքի պահպանության, այլև տերունավանդ առաքելության առավել արդյունավորման համար։

«Առաջին տիեզերաժողովը համախմբեց բազում Եկեղեցիների՝ միասնաբար հակադարձելու եկեղեցական կյանքը հուզող երևույթներին, ավետարանական ճշմարտությունները խեղաթյուրող փորձերին, զերծ պահելու հավատքը կամայական մեկնաբանություններից ու տարաբնույթ մոլորություններից։

Ընդհանրական Եկեղեցին Նիկիայի առաջին տիեզերաժողովի գումարումով, որին Հայոց Եկեղեցուց իր մասնակցությունը բերեց Արիստակես Հայրապետը՝ որդին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Կաթողիկոսի, սահմանեց Նիկիական Հանգանակը և հաստատեց Քրիստոսի Աստվածության վերաբերյալ Եկեղեցու անխախտելի վարդապետությունը։ Այն դարձավ ամուր խարիսխը քրիստոնեական հավատքի, որով նաև սահմանվեցին աստվածաբանական եզրեր և հիմնադրույթներ, և բանաձևվեց Քրիստոսի Եկեղեցին որպես մի, ընդհանրական և առաքելական։ Ժողովում ընդունված քսան կանոնները ևս կարևոր ուղենիշ դարձան Եկեղեցու ծիսականոնական կյանքում, նվիրապետական կարգի ընկալումներում»,- նշեց Հայոց Հայրապետը՝ փաստելով, որ Նիկիայի առաջին տիեզերաժողովը, աշխարհի ծագերից 318 հայրապետների համախմբումով, դարձավ վահանը քրիստոնեական հավատի և վկայությունը Եկեղեցու ընդհանրականության և միասնականության։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն արձանագրեց, որ Նիկիական Հանգանակն այսօր ևս միավորում է տարբեր մշակույթներից ու միջավայրերից եկող քրիստոնյաներին և շարունակում մնալ ուժ և զորություն պարգևող քրիստոնեական հավատի անեղծ ակունքը։ Նորին Սրբությունն ընդգծեց նաև, որ այսօր Եկեղեցու փորձառությամբ ու սուրբ հայրերից կողմից փոխանցված օրինակներով պիտի առավել ջանք գործադրվի ի խնդիր հավատքի պահպանության, աշխարհում խաղաղության, մարդկանց միջև հաճության երկնային պատգամի տարածման։

«Նիկիական տիեզերաժողովը 1700 տարի անց համախմբել է ձեզ մի երկրում, որ անասելի հալածանքների, նեղությունների և փորձությունների է ենթարկվել հանուն Քրիստոսի։ Այսօր էլ մեր ժողովուրդը փորձությունների միջով է անցնում։ Տակավին չեն ամոքվել վերքերը, որ պատճառվեցին մեր ժողովրդին 2020 թվականին Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանքով, երբ սեփական պատմական հողի վրա անկախ ու ապահով ապրելու ու բազմադարյա սրբավայրերում ազատորեն աղոթելու ցանկության պատճառով զոհվեցին ու հաշմանդամ դարձան հազարավորներ, որբացան տասնյակ հազարավոր ընտանիքներ, իսկ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվեց ողջ բնակչությունը՝ հարյուր քսան հազար ունեզրկված հայորդիներ։ Ադրբեջանում նաև առ այսօր շարունակվում են ապօրինաբար պահվել Արցախի պետական այրեր և ռազմագերիներ։ Բռնազավթված Արցախում ներկայիս ոչնչացվում և վնասվում է մեր բազմադարյա հոգևոր-մշակութային ժառանգությունը, պատմական սրբավայրերը, նաև յուրացվում ոչ հայկական լինելու կեղծ պատճառաբանությամբ»,- ասաց Վեհափառ Հայրապետը՝ հավելելով, որ աշխարհում այսօր տիրող ցավալի պատկերի հանդիման առավել հրամայական է դառնում Եկեղեցիների համագործակցության ոգու դրսևորումը։

Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ աղոթքի, երկխոսության, արդյունավոր հարաբերությունների և միասնական ջանքերի միջոցով է հնարավոր մարդկության կյանքում առատացնել հաճությունն ու համերաշխությունը, որպեսզի կանխվեն եղեռնագործությունները, դադարեն դժբախտությունները և աշխարհում գերակայի Աստծո կամքը։

Քառօրյա համաժողովին բանախոսություններով ու զեկույցներով հանդես կգան Արևելյան Ուղղափառ, Ուղղափառ, Կաթոլիկ, Լյութերական և այլ եկեղեցիների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներ։ Տեղի կունենան նաև քննարկումներ բարձրացված հարցերի ու թեմաների շուրջ։

Համաժողովի մասնակիցները կայցելեն տարբեր սրբավայրեր ու թանգարաններ, կմասնակցեն էկումենիկ աղոթքների, կծանոթանան Հայոց Եկեղեցու ու ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգությանը։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
«Ես վրեժխնդիր կլինեմ սիրո միջոցով-Ս. Փարաջանով» ֆիլմն առաջին անգամ կցուցադրվի նաև ԱՄՆ-ում Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար․ լրագրող "Տարիների լռությունից հետո․ Արթուր Օսիկյանի սկզբունքայնությո՞ւն, թե քաղաքական վրիպում ․․․գնում ես հեռավոր երկրներում ուրիշների զորահանդեսներն ես նայում եւ քո թշնամիների առաջ քո թուլությունն ու խեղճությունը ցուցադրում Ջալալ Հարությունյանը որոշել է Ցորի գործով վճռաբեկ բողոք ներկայացնել Հայաստան-Պորտուգալիա խաղին երկրպագուների մասնակցությամբ արևելյան տրիբունան կլինի եռագույն Արգամ Ռաֆաելյանը նշանակվել է ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ Զանգեզուրի միջանցքի անցկացումը ակնհայտորեն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին․ Զատուլին Իրանն արտաքսել է Ավստրալիայի դեսպանին Ցանկացած խաղաղություն սին է, քանի դեռ կան գերիներ. Արմեն Գևորգյան Կանադայում ռեկորդային շոգ է գրանցվել Նորանշանակ մարզպետի կինը հայտարարագրեր չի ներկայացնում. «Հետք» Դատարանը մերժեց Վարդանյանի՝ «ավտոբուսի գործով» դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները Ադրբեջանից հայտարարություններ են անում, որոնք ուղիղ սպառնալիք են հայ մշակութային ժառանգությանը ՔՊ-ի վարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարելի է բնորոշել մեկ բառով․ Արսեն Ջուլֆալակյան Քննչական կոմիտեն հանձնարարել է միջազգային հետախուզում հայտարարել Դավիթ Փափազյանի նկատմամբ. «Հետք» Մինսկի խմբի լուծարումը խաղաղության քայլ չէ, այլ Ադրբեջանի պարտադրած պայման․ հայտարարություն Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը գերազանցել է 64 000-ը Թմրանյութի սկանդալ․ Փաշինյանը «խուրդելու է» իր թիմակիցներին, որ․․․ Հենրիխ Դանիելյան (video) Խայտառակություն․ Ստեփան Սամվելյանին չե՛ն տրամադրել ամենակարևոր դեղերը․ Փոստանջյանի ահազանգը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ. Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am