Նիկոլականներ, դե մի հատ շնորհակալություն հայտնեք Զախարովային

Ռուսական կողմը արդարացված է համարում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խումբը լուծարելու որոշումը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջական մասնակցություն է ունեցել այս որոշման կայացմանը՝ հիմնվելով կոնսենսուսի կանոնի վրա։ «Այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ տարածաշրջանում իրադրության արմատական փոփոխությունների պատճառով»,-ասել է նա և ընդգծել, որ Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին:
Ամեն ինչ ճիշտ է, տրամաբանված և կոռեկտ: Իսկ որ շատ կարևոր է, ռուսական կողմն այս հայտարարությունն արեց ճիշտ ժամանակին՝ ՀՀ իշխանություններին զրկելով հերթական մանիպուլյացիան դաշտ նետելու հնարավորությունից: Դեռ պիտի գային, պիտի խոսեին իրենց առաջնորդի վարած փայլուն արտաքին քաղաքականության, նրա կայացրած ինքնիշխան որոշումների, խաղաղության խաչմերուկի, Թրամփի «ծակի» մասին, պիտի ճոռոմացնեին, որ Մինսկի խումբը էն գլխից էր սպառել իրեն ու բանակցում էր միայն Արցախը հանձնելու շուրջ: Զախարովան, սակայն, քըռթ՝ սրանց մատ արեց ու զրկեց այդ հաճույքից:
Ինչ է ասել Զախարովան: Նա ասել է, որ Ռուսաստանը կողմ չի եղել Մինսկի խմբի փակմանը, բայց այդ որոշմանը միացել է կոնսենսուսի կանոնով՝ այլ ելք չտեսնելով: ՌԴ-ն Մինսկի խմբի լուծարումը համարում է արդարացված և հիմնավորված, որովհետև Հարավային Կովկասում ստեղծվել է միանգամայն այլ իրավիճակ, որի վրա Մինսկի խմբի համանախագահների մանդատն այլևս չի կարող տարածվել: Հասկանալի է, չէ՞, ինչ նկատի ունի Զախարովան: ՄԽ-ն ստեղծվել էր Արցախյան հակամարտության կարգավորման համար, իսկ այսօր այդպիսի խնդիր պարզապես չկա… Արցախը «բարով-խերով» հանգրվանեց Ադրբեջանում, Հայաստանն էլ համարում է, որ Արցախի տեղը Ադրբեջանն է: Էլ Մինսկի խումբը խառնվում է, որ ի՞նչ անի:
Փաշինյանի օրդուները, հուսամ, Զախարովայի վրա հարձակվելու պատճառ չունեն, որովհետև տիկինն ասել է ճշմարտությունը: Մեկ երկուսը կան Լևոն Շիրինյանի կարգի, գուցե մի երկու տող կքրթմնջան, բայց դա չի կարող փոխել իրականությունը: Զախարովան չի մոռացել նաև ապահովագրել ռուսական կողմի անվտանգությունը, նշելով, որ Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին: Իսկապես ամեն ինչ ճիշտ է: Նույնիսկ Թրամփը, որ վկա էր Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ Մինսկի խմբին ուղղված դիմումի կազմման արարողությանը, ոչնչով չի միջամտել, անգամ ափսոսանք չի հայտնել այդ խմբի փակման համար:
Եվ ուրեմն մեր ինքնիշխան և նախաձեռնողական վարչապետը, Ալիևի հետ՝ հավասարը-հավասարի, դիմել է ՄԽ-ին և ասել՝ մենք հարցերը լուծել ենք, դուք կարող եք ինքնալուծարվել: Ահա, այսպես, պարզ ու հասկանալի: Բայց ես կառաջարկեի հիշել, թե որտեղից և ինչպես ծագեց ՄԽ-ն լուծարելու գաղափարը: Մինչև 44-օրյա պատերազմը նման միտք ուներ բացառապես Իլհամ Ալիևը: Նա դեռ 15 թվից էր բողոքում ՄԽ-ից և գանգատվում, որ կուլիսներում իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց եկավ Նիկոլը, ամեն ինչ փչացրեց իր զրոյական կետից, իսկ 44-օրյա պատերազմից հետո, երբ մեղավորների ակտիվ փնտրտուք էր, մեղադրեց նաև Մինսկի խմբին, թե այդ խումբը վատ էր կարգավորում Արցախյան հարցը: Բա ինչ անե՞նք… Ալիևն ասաց՝ լուծարենք, Նիկոլն էլ թե՝ դավայ: Փաստորեն Մինսկի խմբի լուծարումը Ալիևի պահանջն էր, իսկ ահա արևմտյան դիտորդներին Հայաստան բերելը՝ ՄԽ-ն ինչ-որ բանով փոխարինելու Նիկոլի մանիպուլյացիան: Այնպես որ, երբ Զախարովան ասում է. «Մինսկի ինստիտուտները փակելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանին և Ադրբեջանին», ՀՀ իշխանությունները պետք է երեւի շնորհակալություն հայտնեն այդ կնոջը, որ չի ասել՝ դա Արցախի հարցը վերջնականապես փակելուն ուղղված Ադրբեջանի հերթական պահանջն էր, որ Հայաստանը կատարեց:
Էդիկ Անդրեասյան
«Հրապարակ օրաթերթ»