ՀԱՄԱՍ-ը համաձայնագրի շրջանակներում պատանդներին վերադարձնելու պատրաստակամություն է հայտնել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ պատրաստ է Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու համապարփակ համաձայնագրի շրջանակում ազատ արձակել բոլոր պատանդներին Իսրայելի կողմից պահվող պաղեստինցի բանտարկյալների համաձայնեցված թվի դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Asharq լրատվական կայքը։
ՀԱՄԱՍ-ը հավելել է, որ համապարփակ համաձայնագիր կնքելու իր պատրաստակամությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկավոր է, որ «Գազայի հատվածում պատերազմը դադարեցվի, ամբողջ Գազայի հատվածից բոլոր օկուպացիոն ուժերը դուրս բերվեն, անցակետերը բացվեն՝ Գազայի բոլոր կարիքները հոգալու և վերակառուցման գործընթաց սկսելու համար»։
Շարժումը նաև վերահաստատել է իր համաձայնությունը տեխնոկրատներից կազմված անկախ ազգային վարչակազմի ստեղծմանը՝ Գազայի հատվածի բոլոր գործերը կառավարելու և բոլոր ոլորտներում իր պարտականություններն անմիջապես ստանձնելու համար։
Ի պատասխան դրա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու պատրաստակամության մասին ՀԱՄԱՍ-ի հայտարարությունը «քարոզչական մանևր» է։
Իսրայելական կողմը պնդում է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման պայմանը, բոլոր պատանդների ազատ արձակումից բացի, պետք է լինի ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը և պաղեստինյան անկլավի ապառազմականացումը։
«Ցավոք, սա ՀԱՄԱՍ-ի կողմից պարզապես ևս մեկ քարոզչական մանևր է, որը որևէ նոր բան չի պարունակում։ Պատերազմը կարող է անմիջապես ավարտվել, բայց միայն իսրայելական կաբինետի կողմից հաստատված պայմաններով, մասնավորապես՝ բոլոր պատանդների ազատ արձակում, ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափում, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածում անվտանգության նկատմամբ Իսրայելի վերահսկողության ապահովում, այլընտրանքային քաղաքացիական կառավարության ձևավորում, որը չի հրահրի ահաբեկչություն, չի ուղղորդի ահաբեկչություն կամ չի սպառնա Իսրայելին», – նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ միայն այս պայմանների կատարումը կապահովի, որ ՀԱՄԱՍ-ը չկարողանա վերականգնել իր ուժերը և կրկնել հոկտեմբերի 7-ի կոտորածը։