Եվրոպայի խորհուրդը կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության ճանապարհին․ գլխավոր քարտուղար

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից ընդունված Վաշինգտոնի հռչակագիրը՝ այն որակելով որպես պոտենցիալ շրջադարձային կետ։
«Դրա իրականացումը կարող է վերափոխել տարածաշրջանը՝ հաշտեցման, կայունության և զարգացման միջոցով։ Այս խաղաղությունը պետք է կառուցվի մեր արժեքների՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա», – ընդգծել է նա։
Եվրոպայի խորհուրդը կկանգնի Հայաստանի և Ադրբեջանի կողքին խաղաղության ճանապարհին, հավելել է Բերսեն։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրել են մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանի Սյունիքի մարզում ստեղծվում է այսպես կոչված «Թրամփի ուղի», որը պետք է անխոչընդոտ միացնի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի հետ։
Փաստաթղթում գրված է, որ այդ ճանապարհը լինելու է Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մաս, սակայն դեռևս հասկանալի չէ, թե ինչ մաքսային ու սահմանային հսկողություն են անցնելու այնտեղով անցնող բեռները։ Սա է նաև պատճառը, որ ընդդիմությունն ու մեծ թվով փորձագետներ մեղադրում են Փաշինյանին Բաքվին ամերիկյան հսկողությամբ միջանցք փոխանցելու մեջ։