Օպերայի տարածքից տղամարդը պարանոցի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օպերայի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ կժամանեին իրավապահները, քաղաքացիները, դեպքի վայրի հարևանությամբ գործող սրճարանի աշխատակիցներն ու ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Ժորա Հավհաննիսյանը ու Հակոբ Կարապետյանը առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորին տեղափոխել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Գյումրի» գարեջրի կոտրված շիշ, որի վրա առկա են արնանման հետքեր։
Ըստ նախնական տեղեկությունների Օպերայի դիմացի կանաչ գազոնում անհայտ անձը շշով հարվածել է հիվանդանոց տեղափոխվածի պարանոցին, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կասկածյալի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը օտարերկրացի է։