Ոսկու անօրինական ներմուծման մեղադրանքով օտարերկրացի է ձերբակալվել Վրաստանում

«Սարփի» մաքսային անցակետում կանխվել է մինչև 132.000 լարի արժողությամբ ոսկե ձուլակտորների և զարդերի ներմուծումը. այս տեղեկությունը հրապարակել է Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ ծառայության՝ «Սարփի» մաքսային անցակետում մաքսային ծառայողները, օտարերկրյա քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ավելի քան 600 գրամ չհայտարարագրված, հավաստագրված/միասնական համարակալմամբ ոսկե ձուլակտորներ և զարդեր։
«Նշված ապրանքներն իրավախախտ քաղաքացին տեղադրել է ձեռքի ուղեբեռի մեջ։
Չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 131.657 լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա զննման համար»,- ասված է Եկամուտների ծառայության հայտարարության մեջ։
Եկամուտների ծառայությունն ընդգծել է, որ Վրաստանի մաքսային տարածքում չհայտարարագրված ապրանքների տեղաշարժի մոնիտորինգը ենթակա է խիստ մաքսային վերահսկողության։