Դատախազությունը «Սիլ պլազայի» գործով պարտվեց նաև վերաքննիչ դատարանում․«վճռաբեկ բողոք կներկայացվի». «Հետք»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը չի վերադարձվի պետությանը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 2-ին կայացրած վճռով մերժել է Գլխավոր դատախազության բողոքը եւ չի բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը։
Ստորադաս դատարանը կես տարի քննելուց հետո այս տարվա հունվար ամսին որոշել էր մերժել դատախազության հայցը, որով պահանջվում էր Սուքիասյաններին զրկել «Սիլ պլազայի» սեփականության իրավունքից եւ գույքը վերադարձնել պետությանը։
Վերաքննիչ դատարանի դատարավորներ Գոռ Հարությունյանը, Հայարփի Զարգարյանը եւ Գոռ Թորոսյանն էլ դատախազության բողոքը գրավոր ընթացակարգով 6 ամիս քննելուց հետո վճռել են, որ այն ենթակա է մերժման, իսկ Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանի 2025 թ․-ի հունվարի որոշումը թողնել ուժի մեջ։ Տարեսկզբին առաջին ատյանի դատարանը որոշել էր դատախազության հայցը մերժել՝ կիրառելով հայցային վաղեմություն (ըստ վճռի՝ դատախազությունը բաց է թողել խախտված իրավունքը պաշտպանելու՝ օրենքով սահմանված ժամկետը)։
Եթե դատախազությունը Վճռաբեկ դատարան բողք չներկայացնի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը մեկ ամսից կմտնի ուժի մեջ։ Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին հայտնել են, որ վերաքննիչ Հակակոռուպցիոն դտարանի վճիռի դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացնելու։
Երևանի փոքր կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնը պատկանում է «Գռզո պլազա» ՍՊ ընկերությանը, որն էլ, իր հերթին, պատկանում է Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքի անդամներին։ Բիզնես կենտրոնի զբեղացրած հողամասի եւ դրա վրա գտնված շինությունների սեփականաշնորհման պատմությունը «Հետք»-ն էր բացահայտել։ Գույքը Խաչատուր Սուքիասյանի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանն էր ձեռք բերել չնչին գնով՝ 5655 ԱՄՆ դոլարով (1994 թ․-ին)։
Գործարքի մանրամասները 2021 թ․-ին «Հետքի» կողմից ներկայացվելուց հետո Դատախազությունը իրավական գործընթաց նախաձեռնեց, որի նպատակն էր վերականգնել պետության խախտված իրավունքը, այն է՝ գույքը վերադարձնել պետությանը։ Դատախազության հայցը տեւական ժամանակ քննվում էր Վարչական դատարանում, որից հետո Հակակոռուպցիոն դատարանում, սակայն՝ անարդյունք։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում