Միքայել Սրբազանի կողմից իշխանությունների նկատմամբ քննադատությունն առավել սուր է դարձել պատերազմից և Արցախի կորստից հետո, դրան հաջորդել է Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդումը․ փաստաբան

Միքայել Սրբազանը որպես հոգևոր առաջնորդ հետևել է պետության կողմից վարվող քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում քննադատել թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանություններին։ Ներկայիս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ դեմ Միքայել Սրբազանի քննադատությունն առավել սուր է դարձել 44-օրյա պատերազմից և Արցախի կորստի պատճառով, ինչից հետո Միքայել Սրբազանը ենթարկվել է բացահայտ քաղաքական հետապնդման իշխանությունների կողմից՝ իր կարծիքի, մտքի, խոսքի համար։ Այս մասին եզրափակիչ ելույթում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։
Պաշտպան Մարինե Ֆարմանյանը հիշեցրեց 2018թ․ իշխանափոխությունից հետո Վեհափառ Հայրապետի դեմ իրականացվող արշավը։ Փաստաբանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Վեհափառի և որոշ հոգևորականների նկատմամբ ճնշումներն առավել խստացվել են 2025թ․, Փաշինյանը վիրավորական գրառումներ է կատարել՝ զուգահեռ պահանջելով Վեհափառից՝ ազատել Վեհարանը։
Փաստաբանը նաև նկատեց՝ բողոքի ակցիայի անդամներին զինվելու, ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, զինվորականներին իրենց պարտականությունները չկատարելու ու այլ կոչեր արած մարդն ազատության մեջ է, իսկ Միքայել Սրբազանն այսօր նստած է մեղադրյալի աթոռին։
«Ինչպես ասել է Վիկտոր Հյուգոն՝ արդարադատությունն ուժեղ է միայն այն ժամանակ, երբ այն հասանելի է։ Ձեզ հարգարժան դատարան, անկեղծորեն մաղթում եմ, որ չթուլանաք, չտրվեք, արտաքին, ներքին կամ քաղաքական ճնշումներին և չշարունակեք Ձեր կատարած դատավարական ապօրինությունները, առանձին սենյակում վերդիկտ կայացնելիս ազնիվ լինեք ինքներդ Ձեզ հետ, քանի որ այս դատավարությունը ցույց տվեց, որ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը որևէ հանցանք չի կատարել և արդար է։ Խնդրում եմ, մեր վստահորդի նկատմամբ կայացնել արդարացման վերդիկտ»,-ելույթը եզրափակեց Ֆարմանյանը։
Փաստաբանների եզրափակիչ ելույթից հետո դատարանը քննարկում է Սրբազանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Սրբազան հորը մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։ Ըստ վարույթի նյութերի՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտարարել է, թե պետք է ռազմական հեղաշրջում կատարել, մինչդեռ, վիճարկվող հայտարարություններում իրավապահները հանցակազմ չէին տեսել, քրեական վարույթ չէին նախաձեռնել և հիշել են միայն երկու տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի թիրախավորմանը զուգահեռ կամ դրան հաջորդելով։ Քրեական վարույթը նախաձեռնվել է 2025թ․ հունիսի 17-ին։ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։ Հատկանշական է մեկ հանգամանք ևս․ իրավապահները ոչ միայն, խախտելով անձի՝ նույն ենթադրյալ արարքի համար երկրորդ անգամ չդատվելու սկզբունքը հետապնդում են հարուցել տարիներ առաջ արված հայտարարության համար, այլև՝ քրեական գործի հարուցումից օրեր անց, առանց Սրբազանին ծանուցելու, հունիսի 26-ին նախ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան՝ խուզարկությունների, ապա՝ զինված ներխուժել են Վեհարան, որտեղ քահանայաց ժողով էր ընթանում՝ փորձելով «մասկի շոու» բեմադրել, ինչը չի հաջողվել, քանի որ Սրբազանն ինքնակամ է ներկայացել։