Տղա չեմ ունեցել, փեսաներին դաստիարակել հնարավոր չէ, թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը, Մովսես Հակոբյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում Արցախի վերադարձը հնարավոր է

Գեներալ Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ ցանկության դեպքում Արցախի վերադարձը հնարավոր է։ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո հնարավոր է բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքը, արդյո՞ք թեման փակված է, ընդգծում է՝ եթե մարդու գլխում ձևավորվում է միտք, եթե այդ միտքը կարողանում ես հիմնավորել, այդ ուղղությամբ գործողություններ իրականացնել, ապա ցանկացած միտք կարելի է կյանքի կոչել․ «Ուղիները, մեթոդները տարբեր են»։
Մովսես Հակոբյանը հիշեց Շուշիի ազատագրումը․ «Այն ժամանակ չկար գեթ մեկ հայ, առավել ևս՝ արցախցի, որ չէր ցանկանում մասնակցել Շուշիի գրավմանը (զինվորական խոսույթով՝ գրավում է, ոչ թե ազատագրում՝ պարզաբանում է Հակոբյանը)։ Դա է եղել գրավականը, թե չէ՝ հակառակորդը գերազանցել է մեզ մի տասն անգամ, մենք շատ վատ դիրքերում ենք եղել, բայց ցանկույունը, որ կա մարդու մեջ, մղում է այնպիսի գործողությունների, որ հնարավոր չէ պատկերացնել։ Նույնը վերաբերում է Արցախյան ողջ գոյամարտին»։
Հարցին՝ ով պետք է ունենա այդ ցանկությունը, իշխանության փոփոխության դեպքում դա կարող է դառնալ օրակարգ՝ Հակոբյանը պատասխանեց՝ նշելով, որ իշխանությունն այսօր արտացոլում է մեր ժողովրդի հավաքական կամքը։
«Այստեղ խնդիրը հասարակության մեջ է։ Երբ ինձ հարցնում են՝ ինչով եմ զբաղվում, ասում եմ՝ թոռ եմ դաստիարակում, որովհետև տղա չեմ ունեցել, փեսաներին դաստիարակել հնարավոր չէ, թոռ եմ դաստիարակում, որ ազատագրի Արցախը»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ փորձում է այդպես դաստիարակել։