«Նիկոլի գրառումը ոչ թե պատահական ասված միտք է, այլ հստակ քաղաքական մեսիջ․ Արցախի կորուստը ներկայացվում է որպես ազատագրում». Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Այսօր Նիկոլը հերթական հրապարակումն էր արել, որտեղ ընդգծել էր, թե իբր նախկին Հայաստանի Հանրապետությունները գոյություն են ունեցել «այլ երկրների շնորհիվ և այլ երկրների համար», իսկ ներկայիս Հայաստանը գոյություն ունի «իր շնորհիվ, իր քաղաքացիների շնորհիվ և իր քաղաքացիների համար»։
Առաջին հայացքից սա հերթական պոպուլիստական հակադրություն է՝ «նախկինների» ու «ներկայիս» իշխանության միջև, սակայն խորքային դիտարկումից պարզ է դառնում, որ նման բովանդակություն հրապարակում անելու օրը բնավ պատահական չէ․ սեպտեմբերի 2-ն Արցախի անկախության հռչակման օրը։
Ըստ էության՝ այս կերպ Նիկոլն ուղիղ ակնարկ է անում, որ Հայաստանի նախկին կախվածությունը պայմանավորված էր Արցախի հարցով։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը ստիպված էր արտաքին ուժերի օգնությամբ գոյություն ունենալ, քանի դեռ Արցախի հարցը բաց էր։ Իսկ այսօր, ըստ նրա, Արցախն այլևս չկա քաղաքական օրակարգում, և Հայաստանը «վերջապես ինքնուրույն է»։
Այս մոտեցմամբ Արցախի կորուստը ներկայացվում է ոչ թե որպես ազգային ողբերգություն, այլ որպես անկախության ձեռքբերում։ Փաշինյանը փորձում է արդարացնել այդ կորուստը՝ այն վերածելով գաղափարական մեսիջի, թե իբր Հայաստանը հիմա ազատվել է արտաքին կախվածություններից և դարձել ամբողջովին ինքնիշխան պետություն։
Իրականում, Հայաստանի անվտանգության և գոյության հիմքում շարունակում են մնալ արտաքին քաղաքական և ռազմական գործոնները։
Նիկոլի գրառումը ոչ թե պատահական ասված միտք է, այլ հստակ քաղաքական մեսիջ․ Արցախի կորուստը ներկայացվում է որպես ազատագրում, իսկ Հայաստանի ինքնիշխանության և անկախության հիմքը ներկայացվում է ոչ թե պատմական պայքարի ու դաշնակիցների, այլ բացառապես «քաղաքացիների շնորհքի» արդյունք։ Ակնհայտ է, որ գործ ունենք ՀՀ պատմության ու պետականության բովանդակության այլանդակ ձևախեղման ու աղավաղման հերթական դրսևորման հետ:
Բացատրեմ. Նիկոլն Արցախի գոյությունը ձևակերպվում է որպես կախվածության և արտաքին պայմանավորվածությունների պատճառ, այնուհետև՝ Արցախի բացակայությունը ներկայացվում է որպես ինքնուրույնության ու անկախության երաշխիք։ Իսկ «գետնի վրա» իրականությունն այլ է․ Հայաստանը շարունակաբար կախված է արտաքին քաղաքական գործոններից և միջազգային անվտանգության հավասարակշռությունից։ Ուստի Նիկոլի այս թեզը ոչ թե ինքնիշխանության հաստատում է, այլ քաղաքական մանիպուլյացիա, որի միջոցով փորձ է արվում ազգային ողբերգությունը վերածել հաջողության պատմության։
Այստեղ է հենց տվյալ անձի մտքի հիմնական պարադոքսը․ նա հայտարարում է, թե Հայաստանը հիմա գոյություն ունի միայն իր շնորհիվ, բայց իրականում այդ գոյությունը առավել խոցելի ու կախյալ է դարձել հենց Արցախի կորստի հետևանքով»: