ԵԱՀԿ-ն փակեց ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խումբը. դա Ադրբեջանի ամենամեծ հաղթանակը դարձավ, իսկ հայ ժողովրդի՝ ամոթը

ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը որոշեց սեպտեմբերի 1-ից փակել կազմակերպության Մինսկի խմբի հետ կապված բոլոր հաստատությունները, որոնք ստեղծվել էին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը լուծելու համար: Կառույցի լուծարումը Ադրբեջանի պահանջներից մեկն էր՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:
Հայկական կողմը երկար ձգձգումից հետո համաձայնեց բավարարել Ադրբեջանի այս հերթական պահանջը:
ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել այդ կառույցների փակման հետ կապված վարչական և տեխնիկական հարցերի լուծումը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։
Այսուհետ, «ԵԱՀԿ-ի շրջանակներում հայ-ադրբեջանական նախկին հակամարտության վերաբերյալ նախկինում ընդունված բոլոր որոշումներն անվավեր են և չեն կիրառվում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳ հայտարարության մեջ։
Այսպիսով, Ադրբեջանին հաջողվեց նաև միջազգային հարթակում փակել Արցախի հարցը, որին մեծաջակցություն ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծում գտնելու, մասնավորապես՝ Բաքվի և Երևանի միջև բանակցություններ կազմակերպելու համար։ Այն ներառում էր Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան։ Այս ձևաչափի համանախագահներն էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։
Սույն ձևոչափով ամենից առանցքային էին 2007-ին ընդունված, հակամարտությունը լուծելու, այսպես կոչված՝ «մադրիդյան սկզբունքները», որոնք թույլ կտային իսկապես խնդիրը լուծել՝ բոլոր կողմերի համար արդար սկզբունքով:
Սակայն, նախ հայ հանրությունը չկարողացավ գնահատել այդ հաջողությունը, հետո,և հատկապես 2018-ից հետո, Նիկոլ Փաշինյանի ջանքերով սկսվեց այդ կառույցի վարկաբեկման գործընթացը, որը լիովին համընկնում էր Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ:
Փաշինյանի առանցքային որոշումը՝տորպեդահարել այդ կառույցի աշխատանքները, լեգիտիմ հիմք տվեցին Ադրբեջանի ագրեսիայի համար: Որի արդյունքում հայկական կողմը դաժան պարտություն կրեց,և որը հիմք դրեց Ադրբեջանին՝ պահանջել հիմնովին վերանայել այդ կառույցի գործնեությունը:
Դրա հետ համընկավ նաև 2022-ից հետո Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերությունների վատթարացումը,և որըլրացուցիչ դեր խաղաց այդ կառույցի աշխատանքների փաստացի դադարեցման համար:
Իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո, երբ Փաշինյանը ճանաչեց Արացախը Ադրբեջանիմաս, այդ կառույցի գրեթե բոլոր նախկին որոշումները զրոյացան, որն էլ ավելի խափանեց այդ կառույցի աշխատանքը:
Եվ վերջապես, երբ 2023 թվականին, ռազմական գործողության արդյունքում, Ադրբեջանը լիակատար վերահսկողություն ձեռք բերեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Դրանից հետո Բաքուն պահանջեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, քանի որ ներկայիս պայմաններում այդ ձևաչափը կորցրել էր իր արդիականությունը։
Որոշ ժամանակ այնց Փաշինյանը նույնպես համաձայնեց Ադրբեջանի այդ պահանջի հետ, և օգոստոսի 11-ին՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից երեք օր անց, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները դիմում ուղարկեցին ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ։
Դրանից հետո, արդեն երեկ, վերը նշված որոշումը կայացվեց, որը կարելի է գնահատել Ադրբեջանի մեծագույն հաղթանակ, իսկ Հայաստանի համար՝ ամոթալի պարտություն, որը թերևս կլինի անդառնալի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն փոփոխությունները, որոնք կատարվեցին մեր տարածաշրջանում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am