Կեղծ խաղաղություն առաջարկողները «պատերազմ ուզելու» մեջ են մեղադրում հազարավոր զոհեր տված ժողովրդին

«Հայրենիք» կուսակցության ուղերձը Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման օրվա հետ կապված․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս օրը խորհրդանշում է մեր հավաքական պայքարի և վճռականության ոգին, մարտահրավերներին համազգային միասնությամբ դիմակայելու գիտակցումն ու պատրաստակամությունը: Սեպտեմբերի 2-ը սեփական հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ապրելու հայության պայքարի հերթական հանգրվանն էր՝ ո՛չ առաջինը և ո՛չ վերջինը…
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը մեր համազգային ոգու հաղթանակն էր, ինչն ամրապնդվեց պատերազմում գրանցած հաղթանակով՝ ճանապարհ բացելով Արցախի պետականաշինության բարդ և պատասխանատու ընթացքի համար:
Ցավոք, վերջին տարիների ողբերգական իրադարձությունները՝
– 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ իր հազարավոր զոհերով, խեղված ճակատագրերով, տարածքային կորուստներով,
– 2022-ի դեկտեմբերից սկսված Արցախի շրջափակումը՝ մարդու հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարմամբ ու հարուցած հումանիտար ճգնաժամով,
– 2023-ի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի բռնակցմամբ ու արցախահայության բռնի գաղթով, ձևավորեցին նոր իրականություն։
Բաքուն, Անկարան և, ցավոք, նաև Հայաստանի իշխանությունները հետևողական պայքար են մղում Արցախի «էջը շրջելու» ուղղությամբ, օր օրի աճում են անվտանգային ռիսկերը Հայաստանի Հանրապետության համար, օկուպացված են մնում ՀՀ ինքնիշխան տարածքները, շարունակում է հնչել նոր զիջումների ու հարկադրանքի ահազանգը։ Միևնույն ժամանակ, չի դադարում հայ ժողովրդի ազգային արժեքների և ինստիտուտների թիրախավորումը։
Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Արցախի հարցի վերաբերյալ ցանկացած արտահայտություն մեկնաբանվում է որպես ռևանշիզմ կամ նոր պատերազմի նախերգանք։ Այլախոհության ցանկացած դրսևորում որակվում է որպես սպառնալիք Հայաստանի անվտանգության համար։ Սակայն այդ «անվտանգությունն», իրականում, գոյություն չունի։ Հայաստանի գործող իշխանությունները տապալել են իրենց հիմնական գործառույթի՝ պետության անվտանգության ապահովումը և իրենց ձեռագրի համաձայն լծված են պատասխանատվությունից խուսափելու, այլևայլ մեղավորներ փնտրելու գործին։
Այսօր կեղծ խաղաղություն առաջարկողները «պատերազմ ուզելու» մեջ են մեղադրում պատերազմում հազարավոր զոհեր տված, անմարդկային զրկանքներով անցած ժողովրդին։ Բայց այդ ժողովրդի միակ ցանկությունն ու երազանքը խաղաղությունն է՝ իրական, կայուն և երկարաժամկետ խաղաղությունը, որի կարևոր երաշխիքը արդարության ու հավասարակշռության վերականգնումն է:
Արցախահայության հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը հարցականի տակ դնողները՝ Հայաստանում ու Հայաստանի սահմաններից դուրս, արդարացնում են էթնիկ զտումը, ուժի կիրառումն ու ագրեսիան, ավելին՝ խրախուսում նման ոտնձգությունների հետագա կրկնությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 2-ը պայքարի խորհուրդն ունի՝ սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու համար պայքարի խորհուրդը, որն իր հիմքում ու խորքում նաև երկարաժամկետ, կայուն խաղաղության երաշխիքն է:
Սեպտեմբերի 2-ը գիտակցության մեջ Արցախի լինելության և հակառակի անհնարինության խորհրդանիշն է։ Այն կոչ է՝ սովորելու նախկին սխալներից ու դրանք այլևս երբեք չկրկնելու, վերականգնելու մեր արժանապատվությունը, որպեսզի վաղը կարողանանք նայել մեր զավակների աչքերին:
Հավերժ փառք Արցախի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համար բոլոր ժամանակներում զոհված մեր հերոսներին,
խոնարհում մեր սուրբ նահատակների ծնողների, զավակների և ընտանիքների առաջ։
Ամրություն և տոկունություն այսօր Բաքվի բանտերում գտնվող մեր գերիներին ու պատանդներին, Երևանում ապօրինաբար դատվող բոլոր քաղբանտարկյալներին:
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է։
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է։
ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Է»։