Կլինի պայքար Արցախ-Սյունիքի համար, կունենանք զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․
«Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։
Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։
Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։
Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։
Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։
Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։
2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։
Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։
Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։
Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։
Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում»։