Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել. նախարարություն

Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հիմնախնդիրը գտնվում է շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում։ Եթե վերջին տարիներին Սևանի կանաչումը (ծաղկումը) անդադար կրկնվող երևույթ էր, ապա 2024-2025 թվականներին այդ պրոցեսը գտնվում է բավականին ցածր մակարդակի վրա: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Նշվում է, որ օգոստոսի 27-29-ը հերթական անգամ Սևանա լճում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացրել է ջրի որակի հետազոտություններ և ջրի նմուշառումներ։ Դաշտային հետազոտությունների ժամանակահատվածում Սևանա լճում ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։
Նմուշներ են վերցվել Սևանա լճի մակերևութային և խորքային շերտերից:
Լաբորատոր և դաշտային հետազոտությունների առաջնային արդյունքների համաձայն՝
Ջրի թափանցիկությունը Մեծ Սևանում 4․8 մ է, իսկ Փոքր Սևանում՝ 5․6 մ։
Ջրում լուծված թթվածնի պարունակությունը մակերևութային և միջին շերտերում բավարար է կենդանական աշխարհի պահպանության համար (ԼԹ կոնցենտրացիան մեծ է 6մգ/լ-ից), իսկ հատակամերձ շերտերում դիտվել է 1․1-5․5 մգ/լ տիրույթում («միջակից»-«վատ» որակ)։
Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիան մակերևութային շերտերում գնահատվում է 1-2-րդ դաս («գերազանց»-«լավ» որակ), իսկ հատակամերձ շերտում՝ 2-3-րդ դաս («լավ»-«միջակ» որակ)։
Ամոնիում իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 3-4-րդ դաս («միջակից»-«անբավարար» որակ)։
Նիտրատ իոնի կոնցենտրացիան Մեծ և Փոքր Սևանների համար, լճի ողջ խորությամբ գնահատվում է 1-2րդ դաս («գերազանց»-«լավ» որակ)։
Օգոստոս ամսվա ջրի որակի լաբորատոր փորձարկումները դեռևս շարունակվում են, տվյալները ամբողջական լինելու դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 1-ի դրությամբ Սևանա լիճ-Թերակղզի, Սևանա լիճ-Շորժա, Սևանա լիճ-Կարճաղբյուր, Սևանա լիճ-Մարտունի հիդրոլոգիական դիտակետերում 08։00 դրությամբ ծաղկման ինտենսիվացման երևույթներ չեն դիտվել։