Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը. քաղաքագետ

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Վաշինգտոնից՝ Թյենծին. Փաշինյանի բլեֆի առաջին մերկացումը
ՇՀԿ գագաթնաժողովի ժամանակ (Չինաստանի Թյենծին քաղաք) հրապարակայնացվեց Ալիևի և Փաշինյանի սկզբունքային տարաձայնությունը։
Ալիևը հայտարարեց, որ «Զանգեզուրի միջանցքը» դառնալու է Միջին միջանցքի և «Հյուսիս–Հարավ» միջանցքի առանցքային հատված։ Այս ձևակերպումը վկայում է Բաքվի հետևողական քաղաքականության մասին՝ առաջ մղելու արտատարածքային միջանցքի գաղափարը։
Փաշինյանը նույն հարթակից արձագանքեց՝ մերժելով «միջանցք» եզրը և շեշտելով, որ Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են «Թրամփի ուղուն»՝ ներդրումային ծրագրին, որն ուղղված է «միջազգային խաղաղության և բարգավաճման» նպատակի իրագործմանը։
Սա վստահաբար տերմինների բախում չէ, այլ պատկերացումների խորքային կոնտրաստ:
Երևանը փորձում է հարցը ձևակերպել որպես տնտեսական և ներդրումային համագործակցություն, իսկ Բաքուն այն ընկալում է որպես աշխարհաքաղաքական վերահսկողության գործիք։
Հետևաբար Փաշինյանի պնդումը, թե Վաշինգտոնի հուշագրից հետո խաղաղություն է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը, չի հաստատվում փաստերով:
Խաղաղություն չի կարող լինել, երբ նույն փաստաթուղթը կողմերը մեկնաբանում են տարբեր տրամաբանությամբ։
Այս հակասությունն, անշուշտ, խորանալու է և հայ- ադրբեջանական ուժային դիսբալանսի պայմաններում ուրվագծվում են երկու հնարավոր սցենարներ.
1. Դիվանագիտական դիմակայություն՝ Հայաստանի ամուր միջազգային երաշխիքների դեպքում։
Խնդիրն այն է, սակայն, որ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն խարխլում է այն անվտանգային թեկուզև անկատար միջավայրը, որում գտնվում է Հայաստանը՝ չունենալով անվտանգության որևէ երաշխիք Արևմուտքից:
Դժվար չէ պնդել, որ Հայաստանը ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի աչքերում չունի ստրատեգիական արժեք ու դժվար է պատկերացնել, որ արևմտյան որևէ երկիր կգնա մեզ անվտանգության երաշխիքներ տալու ճանապարհով, եթե դրա գինը լինելու է այդ երկրի հակադրությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
2. Միակողմանի զիջումներ կամ պատերազմի վտանգ Հայաստանի համար, եթե այդ երաշխիքները չլինեն։
Որ սցենարն էլ գործի դրվի, խաղաղության մասին խոսելը առնվազն վաղաժամ է։