«Տաշիր գրուպի» գործով այլ անձանց էլ են կալանավորել

Կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում հուլիսի սկզբին տեղի ունեցած խուզարկությունից հետո 4 անձի առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածով մեղադրանք էր առաջադրվել: Քննչական կոմիտեից միայն հայտնել էին՝ չորսն էլ կալանավորված են: Թե ովքեր էին կալանավորված անձինք, ինչ պաշտոններ էին զբաղեցնում «Տաշիր գրուպ»-ում, Քննչականից չէին մանրամասնում: Լրատվամիջոցները հղում անելով իրենց աղբյուրներին գրում էին՝ կալանավորվածներից մեկը «Տաշիր գրուպ»-ի խմբի մեջ մտնող ընկերություններից մեկի տնօրենն է, մյուսը՝ անշարժ գույքի գործակալը:
Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ գործով կալանավորված անձինք որեւէ կապ չունեն «Տաշիր գրուպի» հետ, նրանք այլ ընկերությունների աշխատակիցներ են։ Նույն այդ տեղեկություններով՝ կալանավորվածներից մեկը ինչ-որ ընկերության տնօրեն Ռաֆֆի Նաչալջյանն է, մյուս կալանավորը՝ ազգությամբ ռուս կին, ով «Տաշիր գրուպի» ընկերություններից մեկում գրանցված աշխատակից է եղել։ Նաչալջյանի ու ռուս կնոջ խափանման միջոցներն օրեր առաջ դատարանը փոխել է։
Մեր տեղեկությունները Նաչալջյանի փաստաբան Լեւոն Կարապետյանը հաստատեց՝ նշելով, որ նրա պաշտպանյալի եւ ռուս կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը․ «Մեղադրանքն անհիմն է` թե կալանավորման, թե մնացած հանգամանքներն ապօրինի են։ «Տաշիր» գրուպի ընկերությունների հետ կապ չունի, ինքը «Արմհոլդինգ» ընկերություններից մեկի տնօրենն է»։ Իսկ ինչո՞ւ են կապել «Տաշիր գրուպի» հետ, փաստաբանն ասաց․ «Դրանք նախաքննական տվյալներ են, որոնք հրապարակման ենթակա չեն»
Աննա Պապիկյան
«Հրապարակ օրաթերթ»