Գազայի հատվածում 40-ից ավելի նոր զոհեր են գրանցվել, սովից մահացածների թիվը հասել է 348-ի

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ սեպտեմբերի 1-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 42 պաղեստինցի, այդ թվում՝ 25-ը՝ Գազա քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Միևնույն ժամանակ Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է վերջին 24 ժամվա ընթացքում սովից և թերսնումից ևս 9 մարդու մահվան մասին։ Այսպիսով, սովի և թերսնման զոհերի թիվը հասել է 348-ի, որոնցից 127-ը երեխաներ են։
Նախարարության ղեկավարը հայտնել է առողջապահական ոլորտի ծայրահեղ վատ վիճակի մասին։
«Տեղահանությունը և ջրի աղտոտումը բարենպաստ հող են Գազայի հատվածում վիրուսների տարածման համար։ Մենք չունենք լաբորատորիաներ, որոնք կարող են ստուգել վիրուսները», – նշել է նա։
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը հայտնել է, որ Գազայում մոտ 660 000 երեխա քաղցած է, հուսահատ և հոգեբանական ծանր վիճակում։
Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է իրականացնում, և որ ցեղասպանության հաստատման իրավական չափանիշները բավարարվել են։
500 անդամից բաղկացած ասոցիացիայի անդամների 86 տոկոսը կողմ է քվեարկել բանաձևին։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 63 557-ի, վիրավորվել է 160 660 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ Մոտ 50 պատանդ դեռ գտնվում է ՀԱՄԱՍ-ի մոտ, նրանցից միայն 20-ն է ողջ մնացել։