Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն․ Կատարվածը վանդալիզմ է. «Միասին»

Վերջին մի քանի օրերին համացանցը ողողած Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի «վերանորոգման» աշխատանքների լուսանկարներն ու տեսանյութերը արդարացիորեն վրդովմունքի և ցասման ալիք են բարձրացրել քաղաքացիների և մասնագիտական համայնքի շրջանում։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունենում անփույթ, անգրագետ, եթե, իհարկե, ոչ դիտավորյալ մի գործողություն, որը ԿԳՄՍ նախարարությունն անվանում է վերանորոգում և հիմնական պատճառ նշում ջրամեկուսացման և ջրահեռացման խնդիրը։
Ըստ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի՝ «որոշել էինք քանդելուց հետո հասկանալ, կարելի՞ է նույն քարերը կրկին օգտագործել, թե՞ ոչ, բայց պարզվեց, որ չենք կարող»։ Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ է թույլատրվել միանգամից երեք սյուների վրա սկսել քանդման աշխատանքներ, ինչը լրջագույն վնաս է հասցրել հուշահամալիրին՝ որպես ամբողջական ճարտարապետական կառույց։ Համացանցում հայտնված տեսանյութերը փաստում են՝ քարերն ի սկզբանե չէին էլ կարողացել պոկել ու «ստիպված» հանել են պեռֆորատորներով ջարդել-փշրելով։ Ըստ ճարտարապետ Անահիտ Թարխանյանի, հարկավոր էր նախևառաջ հանրությանը տեղեկացնել վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին, մասնագիտական լայն կազմ ունեցող խմբի (պատմաբաններ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, հիդրոերկրաբաններ, երկրաբաններ, քաղհասարակության ներկայացուցիչներ) միջոցով արձանագրել խնդիրները, եթե դրանք առկա էին, ֆոտո և տեսանյութերի միջոցով, հետազոտական աշխատանքներով, ապա ներկայացվեր առաջարկ-նախագիծ, դրվեր քննարկման, որի արդյունքով էլ գործող նորմերին համապատասխան կիրականացվեին անհրաժեշտ աշխատանքները։ Սա պարտադիր ընթացակարգ է պատմա-մշակութային օբյեկտի նկատմամբ որևէ աշխատանք իրականացնելու անհրաժեշտության դեպքում։ Ոչինչ արված չէ։
Միաժամանակ մասնագետները պնդում են, որ շինհրապարակը կահավորված և սահմանազատված է ապաշնորհ ձևով, ամբողջ տարածքով մեկ տեխնիկայից արտահոսած յուղերն են, որը անդառնալի վնաս է հասցրել հուշահամալիրի բնական քարածածկույթի առանձին հատվածներին։ Տեղադրված երկաթյա հարմարանքները ժանգոտ են, ինչը վնասակար է քարածածկույթների համար։ Փաստվել է, թե ինչպես են բարբարոսաբար կոտրելով հանել մինչև 40 սմ լայնությամբ և մոտ 1․5-1․7 երկարությամբ մույթերը, կոտրել են ամբողջական հատվածներ, որոնք հնարավոր չի լինելու վերականգնել ոչ նախկին մույթերով, ոչ էլ նորով, քանի որ ամբողջականությունն ու ներդաշնակությունը խաթարվելու է։ Հուշահամալիրի նախկինում կանաչապատ սիզամարգից անգամ մնացել է չոր խոտածածկ։ Տնօրենի բացատրությունը ուղղակի հանցավորության հասնող աստիճանի անհեթեթ է։ Իբր հատուկ են չորացրել, որպեսզի նոր խոտածածկույթ ստեղծեն։ Միաժամանակ մասնագիտական մեկնաբանությունները փաստում են, որ հուշահամալիրի թեք սյուները կառուցված են այնպես և կարերը կատարված են այնքան անթերի, որ անձրևաջրերը չեն կուտակվում, դրանք հոսում եմ հեշտությամբ և խնդիրն ընդամենը, ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի՝ առաջին երկրորդ շարքի ժամանակի ընթացում մասնակի քայքայված բազալտի սալիկներն են, որն էլ պետք է գնահատվեր և լուծում ստանար։ Կատարվածը մենք գնահատում ենք որպես վանդալիզմ։ Հուշահամալիրին հասցվել է անդառնալի վնաս։ Նման վերաբերմունքը անարգանք է, հանցագործություն և սրբապղծություն Ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի և նրանց ժառանգների, համազգային նշանակության կոթողի նկատմամբ։ Վնասարարության համար պետք է պատասխանատվության ենթարկվեն ոլորտի պատասխանատու դեմքերը։ Պահանջում ենք՝ 1.Հրատապ դադարեցնել Ծիծեռնակաբերդի այսպես կոչված վերանորոգման աշխատանքները։ 2.Ձևավորել համապատասխան մասնագիտական հանձնաժողով, որը համալիր եզրակացություն կտա արդեն կատարված գործողություններին և կգտնի երեք մույթերը ճշտությամբ վերականգնելու եղանակը։ 3.Հարուցել քրեական գործ։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ