Դատավորների անունը շոշափող գործով փաստաբան Արմեն Օհանյանը և ևս մեկ անձ կալանավորվել են

Վարչական դատարանի դատավորների անունը շոշափող վարույթի շրջանակներում ձերբակալված փաստաբան Արմեն Օհանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է գործով անցնող երկու անձի, այդ թվում՝ Արմեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին դատարանից։
Նշենք, որ այս պահի դրությամբ դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության վերաբերյալ հարց ԲԴԽ-ում դեռևս չի քննարկվել, համանեայն դեպս՝ այդպես են հավաստիացնում կառույցից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին ՀԿԿ քննիչները խուզարկություններ են իրականացրել Վարչական դատարանի երեք դատավորի, այդ թվում՝ դատարանի նախկին նախագահ Արգիշտի Ղազարյանի աշխատասենյակներում և բնակարաններում։ Թեև ԲԴԽ-ն նշում էր, որ բերման ենթարկված կամ ձերբակալված դատավորներ չեն եղել, սակայն դատարանում մեր աղբյուրները վստահեցնում են՝ խուզարկություններից հետո դատավորների փաստացի արգելանքի տակ գտնվելը, այսինքն՝ տեղաշարժի սահմանափակումը, ինչը ևս արգելանք է համարվում, քանզի արգելանք միայն ձերբակալվածի դատավարական կարգավիճակը չի ենթադրում։ Իրականացված գործողություններից հետո, նաեւ որոշ անձինք ներկայացվել են նախաքննական մարմնին։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել էին, որ դատական իշխանության ներկայացուցիչների բնակարաններում և աշխատասենյակներում խուզարկություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ փաստաբան։ Մենք հայտնել էինք, որ ձերբակալված փաստաբանը Արմեն Օհանյանն է։