«Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար. Միքայել Մարգարյան

Միքայել Մարգարյանը գրում է. ««Առավոտը»՝ սեպտեմբերի 1-ը, բարի չէր Պուշկինի անվան դպրոցի համար։
«Գիշերը»՝ արձակուրդների ժամանակ, «Մաֆիան»՝ Քաղաքապետարանն ու ԿԳՄՍ-ն, խաղից վերջնական հանեցին դպրոցի Ժամանակավոր Պաշտոնակատարին, փոխարինելով վերջինիս իրենց «ընտանիքի անդամով»։
Հետաքրքիրն այն է, որ նոր ԺՊ-ն Բլոկի անվան դպրոցի երկարամյա տնօրենի պաշտոնից ինքնակամ հրաժարվել է և նախընտրել ժամանակավոր լինել Պուշկինում: Ի՞նչն է տվել վստահություն, որ մեկ տարի և դեռ անորոշ ժամանակով հետաձգված տնօրենի մրցույթին հենց նա է լինելու հաղթողը: Գուցե այն փաստը, որ այս պահին Բլոկի դպրոցը չէ, այլ հենց Պուշկինն է, իր նախկին տնօրենների աշխատանքների շնորհիվ համարվում Հայաստանի լավագույններից մեկը, ուր ձգտել և ձգտում են իրենց երեխաներին ընդունել բազում նախկին և ներկա պաշտոնյաները, խոշոր բիզնեսմենները, մտավորականները: Ուր ընդունվում են սերունդներով՝ ծնողը-երեխան-թոռը։ Ուր ես անձամբ տարբեր տարիներին բերել եմ իմ 4 զավակներին, որից կրտսերը դեռ 5-րդ դասարանում է: Կմնա՞ արդյոք դպրոցն այն մակարդակին, որից ես գոհ եմ արդեն 18 տարի! Արդյո՞ք արդար է տնօրեն փոխելը անտեսելով հազարավոր ծնողների ցանկությունն ու մայիսին արտահայտված ցասումը: Արդյո՞ք անարդարության ֆոնին եկած նոր տնօրենը կկարողանա արդարության մթնոլորտ ստեղծել դպրոցում: Արդյո՞ք այս ռիսկերն իրավունք ունենք անտեսել այն դեպքում, երբ մեր երեխաների դպրոցական տարիներն անվերջ չեն և չափազանց կարևոր են իրենց կրթման և դաստիարակման ճանապարհին:
Ես, որպես ծնող ընդվզում եմ այս իրավիճակին»։