Ձերբակալվել է Ուկրաինայի գերագույն ռադայի նախկին նախագահին սպանողը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է Գերագույն ռադայի նախկին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվող անձի ձերբակալության մասին։ Նրա խոսքով՝ կասկածյալը տվել է առաջին ցուցմունքները։
Ձերբակալվածի ինքնության մասին դեռևս տեղեկություններ չկան:
«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցեցին Անդրեյ Պարուբիի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին»,- իր սոցիալական ցանցերի էջում գրել է Զելենսկին:
«Այս սարսափելի սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»,-գրել է Զելենսկին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբին:
Ըստ իրավապահների՝ կրակոցը հնչել է կեսօրին մոտ, Պարուբին մահացել է տեղում՝ ստացած վնասվածքներից։