Միքայել Սրբազանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում. պաշտպանը միջնորդեց արդարացնել Սրբազանին

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին եզրափակիչ ելույթում ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ հիշեցնելով Միքայել Սրբազանի հայտարարությունների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները՝ ՀԱՍԵ դեմ իրականացվող արշավի համատեքստում, ինչից անմիջապես հետո դատախազության հանրային կապերի բաժնի պետը «պատահաբար» մոնիթոդինգ է արել՝ հայտնաբերելով 17 ամիս առաջ հարցազրույցը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։
Գործը, հիշեցնենք, ավարտական փուլում է։ Դատարանն ընդամենը 20 օրում ավարտեց հիմնական դատալսումները։ Հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում։ Պաշտպանության կողմն արդարացում է պահանջում։ Հատկանշական է, որ գործի քննության ողջ ընթացքում պաշտպանության կողմը բարձրաձայնում էր ի սկզբանե՝ դեռևս քրեական վարույթի նախաձեռնման փուլից ի վեր իրականացվող խախտումների և ապօրինությունների մասին։ Մասնավորապես, քրեական վարույթը նախաձեռնվել է ապօրինի՝ ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, ինչն ինքնին քրեական հետապնդումը բացառող հանգամանք է։ Միևնույն ժամանակ՝ պարզ չէ, թե ինչ լիազորություններով է ոստիկան Մարգարյանը գրություն հասցեագրել՝ նշելով, որ օպերատիվ մարմին չէ, այլ՝ պաշտոնատար անձ է։ Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել է մեկ տարի առաջ հարցազրույցի հիման վրա, որը նախկինում քննության առարկա արդեն դարձվել է և դատախազությունն արձանագրել է, որ հանցակազմ առկա չէ և հրաժարվել է վարույթ նախաձեռնվել։ Քրեական գործի ապօրինություններից և ապացույցների անթույլատրելիությունից զատ պաշտպանն արձանագրեց նաև քաղաքական հետապնդման հարցը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց՝ ճանաչել և հռչակել Սրբազանի անմեղությունը, կայացնել՝ արդարացման դատական ակտ։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին։