Սենսացիոն որոշում. լրագրողին հարվածած բերետավորին մեղադրեցին 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով. Ռուբեն Մելիքյան
Այն, ինչ քիչ առաջ տեղի ունեցավ, իր նշանակությամբ շատ կարևոր է, ինչ խոսք, նաև՝ սենսացիոն: Այս մասին Facebook–ի իր էջում ավտոմեքենայից ուղիղ եթերում հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ փաստաբանների գործառույթների մեջ է մտնում նաև հասնել նրան, որ քաղաքացիների նկատմամբ ապօրինություն արած պաշտոնյաները, մասնավորապես՝ ոստիկանները քրեական պատասխանատվության ենթարկվեն։
Մելիքյանը հիշեցրեց, որ Սամվել Վարդանյանի խոշտանգման գործով, ինչպես նաև ձեռքը կոտրած քաղաքացու գործով չեն կարողացել հասնել նրան, որ պատասխանատու ոստիկանը քրեական պատասխանատվության ենթարկեն. «Դատարանում քննել են և պարզել, որ ամեն ինչ լավ է, ճիշտ են արել, որ կոտրել են քաղաքացու ձեռքը։ Այս պահին դատարանում քննվում է Լևոն Քոչարյանին վերաբերող գործը, որտեղ ոստիկանները տեսախցիկների տակ ուժ են գործադրում Լևոնի նկատմամբ, սակայն ոչ թե իրենք են մեղադրյալի աթոռին հայտնվել, այլ Լևոն Քոչարյանն է դատվում»։
Նա հիշեցրեց նաև,որ նույն արդյունքն էր գրանցվել նաև Եռաբլուրում զոհված հերոսների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքը, երբ չի հաջողվել որևէ ոստիկանի պատժել. «Այս ուղղությամբ մենք որևէ հաջողություն մինչ այսօր չենք ունեցել, որովհետև մուրճն էլ է իրենց ձեռքը, մեխն էլ»,-հայտարարեց փաստաբանը։
«Այսօր մենք ունեցանք առաջին հաջողության պատմությունը, որն անչափ կարևոր է։ Հունիսի 16-ին Քասախ գյուղի մոտ մի խայտառակ դեպք տեղի ունեցավ, երբ 24News-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ կիրառվեց բռնություն ոստիկանի կողմից։ Դրա վերաբերյալ փաստաբան Ռոման Երիցյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց, քրեական վարույթ նախաձեռնվեց դատախազության գրության հիման վրա։ Քրեական վարույթ նախաձեռնվելը դեռ ոչինչ չի նշանակում։
Քննիչը հրավիրեց, գնացինք, հարցաքննվեցինք, այդ ոստիկանին հարձաքննեցին, մեզ հետ առերեսում արեցին։ Նա մեղքը չէր ընդունում։ Հետո գործը քնեց, մնաց։ Մեկ էլ այսօր տեղեկանում եմ, որ վարույթի ավարտ է տեղի ունենում, ընդ որում ոչ թե վարույթը կարճում են, այլ ուղարկում են դատարան։
Փաստորեն ստացվում է, որ այդ ոստիկանին՝ Ազարյան ազգանունով բերետին մեղադրանք են առաջադրվել ծանր հոդվածով, որը 4-8 տարի ազատազրկում է նախատեսում, այսինքն ծառայողական լիազորությունները չարաշահելը, որը կատարվել է բռնությամբ։ Այդ հոդվածը չէր աշխատում, բայց այսօր աշխատեց, առաջին ծիծեռնակն էր»,–ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նա դիմելով մյուս ոստիկաններին՝ նշեց, որ նման արարքները վաղեմության ժամկետ չունեն և քաղաքացուն բռնության ենթարկելու ցանկացած դեպք հետագայում կարող է քննվել։