ԵՄ երկրների ԱԳ և պաշտպանության նախարարները կքննարկեն չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հ

ԵՄ-ի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Կոպենհագենում կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կքննարկեն ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չանդամակցող չեզոք երկրից Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ ապագա սահմանի և ապառազմականացված գոտու հնարավոր պարեկության համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Politico-ն։
Հրատարակությունը նշում է, որ հանդիպման շրջանակներում կքննարկեն «Ուկրաինայի անվտանգության երաշխիքների» թեման: Մասնավորապես, կարող են հարցեր բարձրացվել, թե որ չեզոք երկրից կարող են խաղաղապահներ ուղարկվել ապառազմականացված գոտու ապագա պարեկության համար։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ նախարարները որևէ գործնական որոշում չեն կայացնի, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ է կրելու։
Օգոստոսի 29-30-ին կայանալիք նախարարական հանդիպմանը նաև հրավիրվել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Դևիդ Մաքալիստերը։ Նա Politico-ին ասել է, որ կհորդորի նախարարներին միայն ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ չնայած հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։ Նա նաև ասել է, որ հորդորելու է թույլ չտալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացում, այլ աշխատել նոր պատժամիջոցներ սահմանելու վրա:
Այդ նույն հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը նախարարների հետ կքննարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի նախագիծը: