Կառավարությունը դասական աճուրդով կօտարի պետական գույքը. այն գնահատվել է 425 մլն դրամ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում պետական գույքն օտարելու մասին որոշում կայացրեց։ Խոսքը պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Նոր-Նորք Հ. Գյուրջյան փողոց 58 շենք, 98 հասցեում գտնվող 1182.5 քառ. մետր մակերեսով շինության, ինչպես նաև շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.3495 հա մակերեսով հողամասի և շենքի 2026.8քմ մակերեսով ընդհանուր բաժնային սեփականության մասին է, որի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 367 մլն 289 հազար դրամ է ։ Որոշվեց այն օտարել դասական աճուրդով:
2025 թվականի մայիսի 30-ի դրությամբ Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 425 000 000 ՀՀ դրամ։
Աճուրդով օտարման ենթակա Գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 425 000 000 ՀՀ դրամ։
Գույքը ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1349-Ա որոշման համաձայն 375 800 000 ՀՀ դրամ մեկնարկային գնով բազմիցս ներկայացված է եղել օտարման՝ աճուրդով վաճառքի եղանակով, սակայն հայտարարված աճուրդները չեն կայացել՝ հայտերի բացակայության պատճառով։
Շինությունը գտնվում է ոչ բարվոք վիճակում․ բացակայում են ներքին հարդարանքի տարրերը, ինժեներական ենթակառուցվածքները և հատակային ծածկույթները։ Հաշվի առնելով գույքի փաստացի վիճակը և դրա շահագործման նպատակով պահանջվող ներդրումների ծավալը՝ Գույքը վարձակալությամբ տրամադրելը նպատակահարմար չէ, ուստի Գույքը առաջարկվում է ներկայացնել օտարման, ինչի արդյունքում պահանջվող ներդրումները կիրականացվեն գնորդի կողմից։