«Նաիրիտի» քիմիական թափոնների վնասազերծման համար 1,5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 28–ի նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Ըստ այդմ, «Նաիրիտ» քիմիական գործարանում առկա սարք–սարքավորումների և քիմիական թափոնների վնասազերծման աշխատանքների իրականացման համար կտրամադրվի 1,5 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրի նախապատրաստման համար դրամաշնորհի նամակ–համաձայնագիրը ՀՀ կառավարության և բանկի միջև ստորագրվել է 2025 թ. հունիսի 27–ին:
Համաձայնագրի նպատակն է նպաստել լուծել գործարանից առաջացող հանրային առողջության և շրջակա միջավայրի ռիսկերը:
Դրամաշնորհով կիրականացվի քիմիական նյութերի գույքագրում և բնութագրում, կարգավորող և բնապահպանական նորմերի համապատասխանություն, տեխնիկական, գործառնական և տնտեսական գնահատում, հողի և ստորգետնյա ջրերի աղտոտվածության բացահայտում, կներկայացվեն հեռացման, չեզոքացման և մշակման տարբերակներ, իրականացման ռազմավարություն և առաջարկություններ։
Բացի այդ, կգնահատվեն բնապահպանական և սոցիալական ռիսկերը, կզարգացվեն կարողությունները, կստեղծվի իրականացման հարցերով հատուկ խումբ:
Համաձայնագրով միջոցների առհանման վերջնաժամկետ է սահմանվել 2026 թ. դեկտեմբերի 31–ը։