Ինչո՞ւ է New York Times-ը զարմացած, որ վրացիներն շարունակում են աջակցել Իվանիշվիլու իշխանությանը

New York Times-ի վերլուծաբան Սքոթ Անդերսոնը մեծ հոդվածով է հանդես եկել ներկայիս Վրաստանի իրավիճակի մասին՝ այդ երկրում հանդիպելով տարբեր խավերի ներկայացուցիչների հետ:
Վերլուծաբանը եզրակացրել է, որ բնակչության մեծ մասը աջակցում է Իվանիշվիլու իշխանությանը և հիասթափություն է ապրում Արևմուտքից:
Վարդերի հեղափոխությունից քսան տարի անց այս նախկին խորհրդային հանրապետությունը հեռանում է Արևմուտքից և կրկին մոտենում Ռուսաստանին։ Ի՞նչ է պատահել՝ զարմացած հարցնում է ամերկացի վերլուծաբանը:
Քսան տարի առաջ, մայիսյան մի զով օր, նախագահ Ջորջ Բուշ կրտսերը բեմ բարձրացավ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ տասնյակ հազարավոր մարդկանց խանդավառ ծափահարությունների ներքո: Դա մեծ հույսի պահ էր Խորհրդային Միությունից դուրս եկած, բայց տարիներ շարունակ լճացման, կեղծված ընտրությունների և պատերազմի միջով անցած փոքրիկ հանրապետության համար: Մեկուկես տարի առաջ վարդերով զինված այլախոհները երթով շարժվել էին դեպի խորհրդարան և խաղաղ կերպով ստիպել էին ապականված կառավարությանը հեռանալ պաշտոնից: Բողոքի ցույցերը, որոնք հայտնի էին որպես Վարդերի հեղափոխություն, թույլ տվեցին Բուշին հայտարարել. «Վրաստանն այսօր ինքնիշխան և անկախ է, ազատության փարոս այս տարածաշրջանի և աշխարհի համար»,- գրում է Անդերսոնը:
Այդ օրը Բուշի կողքին կանգնած էր ժպտացող Միխեիլ Սաակաշվիլին՝ իր հայրենակիցների մեծ մասի համար՝ Միշան։ Մոլի արևմտամետ առաջնորդը կազմակերպել էր «Վարդերի հեղափոխությունը» և հաղթել էր Վրաստանի նախագահական ընտրություններում՝ Բուշի այցից ընդամենը 16 ամիս առաջ կայացած արդար ընտրություններում, ձայների ահռելի՝ 97 տոկոսով։ Այդ կարճ ժամանակահատվածում նա սկսել էր լայնածավալ հակակոռուպցիոն արշավ, արագացրել էր երկրի առաջընթացը դեպի ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն և հնգապատկել էր պատերազմից ավերված Իրաքում ամերիկացիների հետ ծառայող վրացական ռազմական զորակազմը։ Բուշը, շարունակելով իր խոսքն, ասաց-. «Ձեր քաջությունը ոգեշնչում է ժողովրդավարական բարեփոխիչների համար և ուղերձ, որը արձագանքում է ամբողջ աշխարհում. ազատությունը յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր ժողովրդի ապագան է երկրի վրա»։
Բայց, ցավոք, այդ պայծառ ապագան երբեք չեկավ։ Հետագա տարիներին բոլոր այն երկրները, որոնք, ըստ Բուշի, հետևել էին Վրաստանի օրինակին և սկսել էին ազատության երթը. Աֆղանստանը, Իրաքը, Ղրղզստանը, Լիբանանը և Ուկրաինան, այժմ դարձել են դաժան բռնապետություններ, ձախողված պետություններ կամ պատերազմի մեջ են։ Իրոք, Վրաստանն ինքն էլ այժմ, կարծես, այդ ճանապարհին է,- անկեղծորեն խոստովանում է ամերիկյան թերթի վերլուծաբանը;
Ինչ վերաբերում է Սաակաշվիլուն, նա գտնվում է վրացական բանտում և կրում է ավելի քան 12 տարվա ազատազրկում՝ յուրացման և լիազորությունների չարաշահման մեղադրանքներով։
Թերթի հեղինակը խոստովանում է սույն օրինաչափությունը և հռետորական հարցադրում է անում. ինչո՞ւ է այդպես ստացվում:
Անդերսոնը, երկրիբնակչության հետ շփվելիս, նշում է, որ վրացիների մեծ մասը պնդում է Արևմուտքին իրենց մոտիկության և կապվածության մասին՝ հաճախ իրենց Արևմտյան Ասիայի երկիրը նկարագրելով որպես Եվրոպայի արևելյան անկյուն։ Թբիլիսիի գլխավոր մայրուղին դեռևս կրում է Ջորջ Բուշի անունը։ Հասարակական կարծիքի հարցումները մշտապես ցույց են տալիս, որ վրացիների ավելի քան 75 տոկոսը ցանկանում է միանալ Եվրամիությանը, իսկ մի փոքր ավելի քիչը՝ ՆԱՏՕ-ին։ Այս արևմտամետ կողմնորոշումն այնքան անսասան է, որ ամրագրված է նույնիսկ, երկրի սահմանադրության մեջ։
Սակայն, ըստ նրա, ներկայիս «Վրացական երազանք»քաղաքական ուժն, իր քաղաքականությամբ, փաստացի հեռացնում է Վրաստանը Արևմուտքից:
Անդերսոնի կարծիքով, սա պարադոքսալ վիճակ է, երբ մարդկանց մեծ մասը ձգտում են դեպի Արևմուտք, իշխանությունը ճիշտ հակառակ ուղությամբ է շարժվում, սակայն միաժամանակ, նույն այդ բնակչությունը մեծամասամբ աջակցում է ներկայիս իշխանությանը:
Ըստ Անդերսոնի՝ «Վրացական երազանաքը» հանգստացրեց Արևմուտքին՝ հայտարարելով իր ամուր աջակցության մասին երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտման հարցում։ Սակայն քիչ-քիչ իրավիճակը սկսեց փոխվել։ Գլխավոր խորհրդականի ղեկավարությունը սկսեց խոսել ուղղափառ եկեղեցին որպես պետական կրոն ճանաչելու մասին և հրաժարվեց իր նախկին աջակցությունից առաջադեմ գործերին, ինչպիսիք են, օրինակ ԼԳԲՏ – համայնքի իրավունքները:
2023 թվականի սկզբին «Վրացական երազանքի» կողմից վերահսկվող խորհրդարանը առաջարկեց օրենք, որը պարտավորեցնում էր ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա աղբյուրներից, գրանցվել որպես օտարերկրյա գործակալներ։
Իսկ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում, նույն «Վրացական երազանքը» կարողացավ վերարտադրվել:
Ըստ Անդերսոնի, ինչքան էլ, որ զարմանալի չթվա, Ռուսաստանի ռազմական գործողությունը Ուկրաինայում, որը սկսվեց 2022 թվականին, օգնեց Վրաստանին կրկին հայտնվել իր վաղեմի թշնամու երկաթե ճիրաններում։ Եվ Դոնալդ Թրամփի վերջերս նախագահական պաշտոնում վերադարձը արագացրեց այս գործընթացը։ Մատնանշելով այս գարնանը Թրամփի վարչակազմի կողմից նախաձեռնված արտաքին քաղաքականության փոփոխությունների ձնահոսքը, որոնք բացասաբար են ազդել Վրաստանի վրա, բողոքի շարժման վետերաններից մեկն ինձ ասաց. «Ես նախկինում հավատում էի, որ մենք դեռ կարող ենք այն վերադարձնել։ Հիմա կարծում եմ, որ մենք վերջացանք»։
Անդերսոնը Վրաստանում շփվելով ընդդիմադիր շրջանակների հետ, հետաքրքիր դիտարկումների է հասել:
Օրինակ, եթե 2024-ի աշնանը ընդդիմության ցույցերում մասնակցում էին տասնյակ հազարավորներ, ապա այս տարվա գարնանը, Անդերսոնը մի քանի հարյուրից ավել ցուցարարներ արդեն չի տեսել:
Վերլուծաբանը շփվել է վրացի ուսանողներից մեկի հետ, ով անկեղծորեն խոստովանել է հետևյալը. «...Ռեժիմը կարծում է, որ մենք այլևս որևէ սպառնալիք չենք ներկայացնում, և որ, եթե ոչինչ չանենք և պարզապես սպասենք, ի վերջո կկորցնենք հույսը և կդադարենք լինել ընդհանրապես…»։
Ըստ վերլուծաբանի՝ ուսանողն ասաց, որ երթերը այլևս «Վրացական երազանքին» փոխելու մասին չեն. դա անհույս է: Այժմ նպատակն է դիմել միջազգային լսարանին: «Մենք պետք է հիշեցնենք Արևմուտքին, և հատկապես՝ Միացյալ Նահանգներին, որ մենք դեռ այստեղ ենք, որ մենք նրանց աշխարհի մի մասն ենք և նրանց օգնության կարիքն ունենք»:
Անդերսոնը խոստովանում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ, նա կրկին Վրաստանում էր և զարմացած էր, որ ընդդիմությունը այլևս որևէ հեղինակություն չուներ, իսկ ՎԵ-ի անդամները չէին էլ թաքցնում, որ Արևմուտքն իրենց արդեն քիչ է հետաքրքրում:
«Անձամբ ես չեմ ուզում ԵՄ-ի մաս կազմել, որպեսզի նրանք մեզ ասեն՝ ինչ անենք», - ասաց իշխանության ներկայացուցիչ Ռազմաձեն։ «Ես հիմա ուզում եմ, որ ԵՄ-ն փլուզվի, ինչպես փլուզվեց Խորհրդային Միությունը, որովհետև ԵՄ-ն մեր դեմ է»,-զարմացրեց ամերիկացուն վրացին:
Անդերսոնը ապշած լինելով նման խոստովանությունից, չի հասկանում, թե ինչ կատարվեց վրացիների հետ, որ վերջիններս այսչափ հիասթափվեցին ԱՄՆ-ից և ԵՄ-ից:
Սակայն, վերջում, Անդերսոնը փորձում է բացատրել այս վրացիների գիտակցության այս փոփոխությունը նրանով, որ Արևմուտքում, այդպես էլ չհասկացան, որ վարկաբերկված գործչին աջակցելն է բերում նման արդյունքի:
Մինչ Սահակաշվիլին Վաշինգտոնում համընդհանուր ֆավորիտ էր համարվում, նա աստիճանաբար կորցնում էր աջակցությունը Վրաստանի ներսում: Թվում էր, թե իր պաշտոնավարման գրեթե ամեն օր նա հայտարարում էր որևէ նոր մեծ ծրագրի մասին՝ Վրաստանը 21-րդ դար տանելու և խորհրդային քնից դուրս բերելու համար: Նրա շուրջը հավաքված երիտասարդ բարեփոխիչները ձեռք բերեցին բռի և լկտի համբավը: Ազատ մամուլը նկարահանում էր ոստիկանության կողմից ցուցարարներին ծեծի ենթարկելը և բացահայտում էր Վրաստանի բանտերում տեղի ունեցող վայրագությունները:
Այս ամենից հետո, նշում է վերլուծաբանը, ամերիկյան և վրացական պատկերացումների մեջ սկսում է առաջանալ տարանջատում:
Իսկ երբ այդ գործնթացը կանգ չի առնում, ապա առաջ է գալիս մեծ հիասթափություն արդեն ողջ Արևմուտքի կողմից:
Վերջում իր հոդվածը վերլուծաբանը ավարտում է Բուշի հայտնի խոսքերով, որ նա արտահայտել էր 2005-ին, Վրաստան իր այցի ժամանակ,-«Մենք ապրում ենք պատմական ժամանակներում, երբ ազատությունը գալիս է Սև ծովից մինչև Կասպից ծով, Պարսից ծոց և դրանից այն կողմ։ Երբ տեսնում ես ազատ մարդկանց, որոնք հավաքվում են այսպիսի հրապարակներում ամբողջ աշխարհում, ծածանում իրենց երկրների դրոշները և պահանջում իրենց Աստծո կողմից տրված իրավունքները, կարող ես հպարտանալ։ Նրանք ոգեշնչված են ձեր օրինակով և հույս ունեն ձեր հաջողության համար»։
Այն ժամանակ վրացիները դեռ հավատում էին Բուշին, նշում է Անդերսոնը, մինչդեռ, երբ այդ նույն մարդիկ տեսան, թե ինչ մեծ խաբեություն էր թաքնված իր խոսքերի հետևում, երբ այդ նույն ռեժիմը դաժանորեն պատժում էր «ազատատենչ վրացիներին, բանտերում», սակայն քննադատական գնահատականի նույն Բուշից չէր արժանանում, այդ նույն «ազատ մարդիկ» սկսեցին հետևություն անել, որ կոլեկտիվ Արևմուտքն, իր մոտեցումներով, նախկին ԽՍՀՄ-ից միայն իր ձևով էր տարբերվում, այլ ոչ թե բովանդակությամբ, եզրակացնում է վերլուծաբանը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am