100 տարվա դադարից հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ իր հոգևոր գործունեությունը վերսկսեց Սբ․ Ստեփանոս եկեղեցին

Օգոստոսի 25-ին, Սյունյաց թեմի առաջնորդ, Մակար սրբազան եպիսկոպոսի ձեռամբ վերաօծվեց Քաջարան խոշորացված համայնքի Փուխրուտ գյուղի 17-րդ դարում կառուցված թաղակապ, Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցին:
Եկեղեցու վերականգնման աշխատանքները տևել են շուրջ երկու տարի, իրականացվել են «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության ֆինանսավորմամբ, Քաջարանի համայնքապետարանի և գյուղի բնակիչների աջակցությամբ:
Վերաօծման արարողությանը ներկա էին Սյունիքի հոգևոր դասի, ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, Քաջարան համայնքի ղեկավարը, աշխատակազմը, ավագանու անդամներ, հյուրեր:
Արարողությամբ հիմք դրվեց` տարածաշրջանի հոգևոր և մշակութային կյանքի նոր ժամանակաշրջանի: Համայնքում պատմամշակութային և հոգևոր կարևորություն ունեցող ևս մեկ ծրագիր կյանքի կոչվեց, ինչն իր հերթին կխթանի նաև տուրիզմն ու այլ հարակից ոլորտների զարգացման հնարավորությունները:
Խորհրդային տարիներին, շատ եկեղեցիների պես, Սբ Ստեփանոս եկեղեցու շենքը վերածվել էր պահեստի, իսկ անկախությունից հետո սրբավայրն ուղղակի լքված էր:
Գրեթե 100 տարվա դադարից հետո, այն կրկին ընդունեց հավատացյալ ժողովրդին`սկիզբ դնելով բնակավայրի նորագույն պատմությանը:
Փուխրուտը հինավուրց գյուղ է, հարյուրամյակների պատմություն ունի, առաջին հիշատակումները բնակավայրի մասին Բեխորոտ անվանումով են, 10 – րդ դարի Տաթևի վանքի հարկացուցակում: