Քննչական խումբը դատարան է ներկայացրել Տիգրան Ուլուբաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն

Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում քննչական խումբը դատարան է ներկայացրել նրա կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն։ Այս մասին գրել է փաստաբան Էրիկ Բեգլարյանը։
«Սակայն անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ քրեական գործի նյութերում բացակայում է որևէ հիմնավոր և փաստարկված ապացույց, որը կարող է օրինական և իրավաչափ կերպով հաստատել իմ պաշտպանյալի մեղավորությունն առաջադրված մեղադրանքի շրջանակներում։
Որպես պաշտպան, պարտավոր եմ արձանագրել, որ գործով մինչ օրս կալանքի նախնական կիրառման պահից սկսած չի հայտնաբերվել և չի ներկայացվել **ոչ մի ուղղակի**, և նույնիսկ **ոչ մի կողմնակի ապացույց**, որը կարող էր որևէ կերպ հաստատել Տիգրան Ուլուբաբյանի մեղավորությունը։
Ավելին, Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ենթադրյալ խոշտանգումների մասով հարուցված գործը, դժբախտաբար, ավարտվել է «ապացույցների անբավարարությամբ», ինչը ինքնին մտահոգիչ նախադեպ է՝ հաշվի առնելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային ստանդարտները։
Չնայած փաստաբանական գաղտնիքին և մեր ընթացիկ ռազմավարությանը՝ որի նպատակն է առավել արդյունավետ կերպով պաշտպանել Տիգրան Ուլուբաբյանի իրավունքները, պարտքս եմ համարում հանրությանը տեղեկացնել, որ քրեական գործում **լիովին բացակայում է ցանկացած ուղղակի ապացույց**, որը կկարողանար հաստատել նրա մեղավորությունը։
Այս պայմաններում, ակնհայտ է, որ կալանքի ժամկետը երկարաձգելու իրավական հիմքերը բացակայում են, և այն կարող է գնահատվել որպես անհիմն ազատազրկման շարունակություն՝ խախտելով օրենքով սահմանված պահանջները և խաթարելով արդար դատաքննության սկզբունքները։
Կալանքի տակ պահելու քննչական խմբի միջնորդության քննությունը տեղի կունենա վաղը 28.08.2025թ. 16։30- ին ք. Վանաձոր»: