Այժմ, երբ Թրամփը իր անունը տվել է «Զանգեզուրի միջանցքին», վստահ եմ՝ այն կիրականացվի մոտ ապագայում. Ալիև

«Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կառուցումը կարող է իրականացվել ամերիկացի ներդրողների կողմից»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Al Arabiya» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այժմ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքների կառուցմանը, այսինքն՝ երկաթուղուն, դա շատ ժամանակ չպետք է պահանջի, քանի որ երթուղին ընդամենը 42 կիլոմետր է։ Եթե մենք այն կառուցեինք, դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ մենք ավելի շատ փորձ ունենք երկաթուղիներ կառուցելու հարցում։ Սակայն Հայաստանին կարող է ևս մի քանի տարի պետք լինել։
Իրականում դա մեզ համար կարևոր չէ։ Մեզ համար կարևորն այն է, որ երկաթուղին կառուցվի, և որ կան միջազգային անվտանգության երաշխիքներ։ Այլ կերպ ասած, Նախիջևանից երկրի հիմնական մաս կամ հակառակը ճանապարհորդող ադրբեջանցիները չպետք է անհարմար զգան։ Նրանք չպետք է անհանգստանան իրենց անվտանգության համար՝ հաշվի առնելով երկարատև դիմակայությունը և թշնամանքը», — ասել է Ալիևը։