Մարտական դիրքում երեք զինծառայողի սպանության գործով կհարցաքննվեն մեղադրյալները․ շարժառիթը նեղ անձնական է

2021թ․ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի սպանության գործով մեղադրյալներ Աղվան Հ․-ն և Սամվել Գ․-ն շարունակում են մնալ կալանքի տակ։ Քրեական գործն արդեն շուրջ երեք տարի է, ինչ դատարանում է, սակայն գործով քննությունն ավարտական փուլին դեռևս չի հասել։ Դատարանում առաջիկայում նախատեսված է մեղադրյալների հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը (Աղվան Հ.)։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը (Սամվել Գ․) զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, սակայն նախաքննությամբ սեռական բռնությունը հերքվել է, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Վերջիններս առ այս պահը կալանքի տակ են։ Քրեական գործը դատարանում է 2022թ․նախ՝ գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա՝ տեղափոխվել Երևան, որտեղ երկու անգամ դատական կազմ է փոխվել։ Սամվել Գ․-ի պաշտպանը դիմել է նաև ՄԻԵԴ՝ նրա կալանքի տակ պահելու հարցով։ Նշենք, որ քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր Սամվել Գ․-ի իրավունքների խախտումը, սակայն խափանման միջոցը չի փոխվել։
Սամվել Գ․-ի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանն անհիմն է կալանքի տակ պահում իր պաշտպանյալին։
«Ամեն անգամ դատարանը միայն ամսաթվերը փոխելով , նույն պատճաառաբանություններով, թե ազատության մեջ մնակու դեպքում կարող է ազդել վկաների վար, կալանքը երկարաձգում է, թեև բոլոր վկաները հարցաքննված են ու գրավոր ապացույցներն հետազոտված են: Թե մեղադրյալը ում վրա այլևս պետք է ազդեցություն գործադրել՝ անհասկանալի է: Հատկանշական է, որ դատաքննությամբ հետազոտված ապացույցներով՝ վկաների ցուցմունք և այլն, հերքված է նաև նրան առաջադրված մեղադրանքը»,- նշեց փաստաբանը:
Սպանության դրդչության մեջ մեղադրվող դիրքի ավագի փաստաբանը պնդում է՝ դատաքննության ժամանակ վկաները, ովքեր կրակոցներից հետո առաջինն էին եկել մարտական հենակետ, ցուցմունք են տվել այն մասին, որ իրենց զանգել ու կանչել է դիրքի ավագը Սամվել Գ․-ն։ Ըստ պաշտպանի՝ վկաները ցուցմունքում ասել են, որ Սամվելը զանգել և ասել է, որ վիրավորներ ունեն, շտապ հասնեն , որ նրանց կյանքը փրկեն, այդ անձինք բնակվել են մոտակա գյուղում, որը դիրքերից գտնվել է մոտ 200 մետր հեռավորության վրա:
«Երբ հասել են դիրք, վիրավորում ստացած անձանցից մեկը դեռևս ողջ է եղել: Հիմա հարց է առաջանում, եթե Սամվելը դրդել է, որ սպանեն այդ երեք զինծառայողներին, ապա ինչու է զանգում դիրքերին ամենամոտը գտնվող և ավտոմեքենա ունեցող անձանց և խնդրում, որ շուտ հասնեն և փրկեն: Բնականաբար զանգել է նաև զորամասի հրամանատարությանը»,- նշեց պաշտպանը:
Ի վերջո, որն է եղել սպանության շարժառիթը՝ պարզ չէ, սակայն մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել անձնական բնույթի մանրամասներ, ինչի մասին էլ ենթադրաբար իմացել են սպանված զինծառայողները, ծաղրել և սպառնացել՝ հայտնել այդ մասին, սակայն այս հանգամանքները դեռևս մեղադրանքում են նշված և հաստատված չեն դատական ակտով։
Աղբյուր՝ Փաստինֆո