ԱՄՆ-ն հույս ունի մինչև տարեվերջ հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ լուծման

Վաշինգտոնը հույս ունի մինչև 2025 թվականի վերջը գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտության համաձայնագրի բաղադրիչները:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։
«Մենք ունենք տեխնիկական թիմեր, որոնք աշխատում են այս ուղղությամբ, և մենք հույս ունենք, որ մինչև այս տարվա վերջը, և, հնարավոր է, նաև մի փոքր ավելի վաղ, կգտնենք այս հաշտության համաձայնագրի բաղադրիչները»,-Ուիթքոֆն ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանը ձգտում է հակամարտության կարգավորման ուղիներ գտնել և չի բացառել, որ Կիևը կարող է համաձայնել Մոսկվայից ստացված առաջարկներին։
Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփը «բավարար լծակներ» ունի, նա իսկապես ցանկանում է, որ հակամարտությունն ավարտվի և ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի «երկու կողմին մոտեցնի, իսկ եթե դա չստացվի, ապա նրանց ստիպի՝ մերձենալու»։
Հատուկ պատվիրակի խոսքով՝ Վաշինգտոնում հասկանում են, որ հակամարտության կարգավորման պայմանների բոլոր հարցերը պետք է լուծվեն, այդ թվում՝ Կիևի համար անվտանգության երաշխիքների հարցը։
Ուիթքոֆը նաև հայտարարել է, որ մտադիր է այս շաբաթ Նյու Յորքում հանդիպել ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ։