Խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»․ Բայրամով

Ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից լրացուցիչ խթան է հանդիսացել «խաղաղության գործընթացին»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը՝ Իլհամ Ալիևի Վաշինգտոն այցին նվիրված նախարարների կաբինետի հատուկ նիստում։
Նա հայտարարել է, թե ադրբեջանական կողմը գործողությունից հետո երկու օրվա ընթացքում կազմակերպել է ՄԱԿ-ի գործակալությունների և առաքելությունների, ինչպես նաև օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչների այցեր՝ ցույց տալով, թե իբր «քաղաքացիական բնակչությունը և օբյեկտները չեն գնդակոծվել, տարածաշրջանում եղել է ռազմական տեխնիկա, և գործողությունները համապատասխանել են միջազգային իրավունքին»:
«Այս գործընթացը դրական ազդեցություն է ունեցել նաև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վրա։ Ղարաբաղի հարցը, որը Հայաստանը երկար ժամանակ փորձում էր առաջ տանել բանակցային գործընթացում, ամբողջությամբ հանվեց բանակցությունների սեղանից։ Իսկ նոր իրողությունների ֆոնին տարածաշրջանից ռուս խաղաղապահների դուրսբերումը, նրանց մանդատի ավարտից մեկուկես տարի առաջ, լրացուցիչ խթան է տվել խաղաղության գործընթացին», – նշել է Բայրամովը։