Չնայած բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին Ալիևի պահանջը ընդունվել է Հայաստանի կողմից. Ասադով

Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովից հետո ստորագրված համատեղ հռչակագիրը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ առաջ քաշված և խթանված խաղաղության նախաձեռնությունը լայն միջազգային աջակցություն և պաշտոնական ճանաչում է ստացել։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ Վաշինգտոն կատարած Ալիևի այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում:
«Համատեղ հայտարարությունը ոչ միայն երկու երկրների միջև երկարատև զինված դիմակայությանը վերջ դրող փաստաթուղթ է, այլև ադրբեջանական ժողովրդի պատմական արդարության համար պայքարի արդյունք, մեր պետության քաղաքական և դիվանագիտական ուժի և միջազգային հեղինակության արտահայտություն», — ասել է Ասադովը։
«Համատեղ հռչակագրի ամենակարևոր դրույթներից մեկը վերաբերում է տարածաշրջանում տրանսպորտային և կապի գծերի բացմանը։
Հայրենական պատերազմից հետո նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս և վճռականորեն հայտարարել է, որ պետք է ապահովվի Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել ցամաքային անցումը։ Բոլոր դժվարություններին, անհամաձայնություններին և տարբեր դիրքորոշումներին չնայած՝ պետության ղեկավարի այս պահանջը նույնպես ընդունվել է Հայաստանի կողմից», — ընդգծել է նա:
Ասադովը ասել է, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը հստակորեն ընդգծում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անարգել և հուսալի հաղորդակցության ապահովման կարևորությունը։
«Այդ նպատակով նախատեսվում է Միացյալ Նահանգների կողմից աջակցվող հատուկ ենթակառուցվածքային նախաձեռնություն՝ «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղին»:
Սա էական փոփոխություններ կստեղծի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական և աշխարհաքաղաքական քարտեզի վրա», — ասել է Ասադովը: