«Nissan»-ը Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վարորդը քաղաքացիների հետ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որետղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: