Իջևանի կարի արտադրամասի բանվորներին պարտադրո՞ւմ են ձուկ գնել

Իջևան քաղաքի կենտրոնում, Երևանյան 6 հասցեում , նախկին հանրախանութի շենքի առաջին հարկում գործում է<<Տեքստուորլդ>> ՍՊԸ կարի արտադրամասը։ Արտադրամասի շենքի առաջ, միջպետական ավտոճանապարհի եզրին մեծ բարդաններով մշտապես թափված են ձեռնարկության արտադրական թափոնները, որոնք հարիր չեն Իջևան քաղաքի կենտրոնին։ Արտադրամասում կարում են զինվորական, որսորդական հագուստ։ Նախկինում փաստերով գրել եմ, որ այդ կարի արտադրամասում ամիսներով ուշացրել են բանվորների աշխատավարձը։ Կարի արտադրամասի հետ առնչվող աղբյուրները հայտնեցին, որ արտադրամասը երբեմն աշխատանքի հարկադրված պարապուրդներ է ունենում, որ արտադրամասի սեփականատեր Դավիթ Մելոյանը Արարատյան դաշտում ձկնաբուծական տնտեսություն ունի ու Իջևանի կարի արտադրամասի բանվորներին պարտադրում են գնել այդտեղ աճեցված ձկները։ Դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար զանգահարեցի կարի արտադրամասի աշխատանքը համակարգող Ռազմիկ Օհանյանի բջջային հեռախոսահամարին։ Նա ասաց, որ կարի արտադրամասում աշխատավարձի ուշացումներ չկան,աշխատողներին ձկների վաճառքի մասին էլ ասաց, որ աշխատողները ձկներ ձկան խանութում են գնում։ Նա փորձում էր իմանալ, թե լրագրողիս որտեղից են այդ տեղեկությունները, հետո ասաց, որ ինքը կարի արտադրամասի տնօրենը չէ, ուղղակի իր բարեկամի արտադրամասն է ։Նա լրագրողիս ասաց, որ իմ հարցերով պրովակացիա եմ անում։ Երբ նրան հարցրի՝ ինքը գիտի՞ պրովակացիա բառի հայերեն թարգմանությունը,պարզվեց, որ չգիտի։Ռազմիկ Օհանյանն ասաց, որ իրավունք չունեմ առանց իր թույլտվության նյութ հրապարակելու։
Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը