Ի՞նչ է սպասվում ռուս-ադրբեջանական վատթարացող հարաբերություններից, և ինչ հետևանքներ դա կունենա Հայաստանի համար

Ինչպես հայտնի է, ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման սկիզբը դրվեց 2024 թվականի դեկտեմբերին՝ Ակտաուի մոտակայքում ադրբեջանական E-190 ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ կապված, որի հետևանքով զոհվեց 38 և վիրավորվեց 29 մարդ։ Ալիևը պահանջեց, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և անցկացնի մանրակրկիտ հետաքննություն։ Պուտինը ներողություն խնդրեց, քանի որ «ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում», սակայն դրանից այն կողմ քայլեր չկատարեց։ Որից հետո սկսվեց քարոզչական պատերազմ, որի ֆոնին Ադրբեջանը փակեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Ռուսական տունը Բաքվում» կառույցը, որին ադրբեջանական իշխանությունները մեղադրում էին լրտեսության մեջ:
Դրանից հետո ռուսական կողմը փորձեց մեղմել իրավիճակը, և նույնիսկ Պուտինը մի շարք ԱՊՀ ղեկավարների հետ զանգահարեցին Ալիևին՝ խնդրելով մասնակցել մայիսի 9- միջոցառումներին:
Սակայն այդ զանգը չօգնեց, և Ալիևը հրաժարվեց մեկնել Մոսկվա՝ ուղարկելով այնտեղ իր զորախումբը:
Սակայն երբ այս տարվա մայիսին Ալիևը ընդունեց Ուկրաինայի նախագահին և համատեղ հուշագիր ստորագրեցին, պարզ դարձավ, որ Ադրբեջանի համար ինքնաթիռի անկումն ընդամենը պատրվակ էր, իսկ իր որոշումը՝ խզել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ռազմավարական նպատակ էր դարձել:
Հենց այդ պատճառով էլ Մոսկվան որոշեց կոշտացնել Ալիևի նկատմամբ իր քաղաքականությունը՝ սկսելով ճնշել Ռուսաստանի ադրբեջանական համայնքին:
2025 թվականի հունիսի 27-ի վաղ առավոտյան Եկատերինբուրգում Ռուսաստանի Ազգային գվարդիայի, Ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի ՖՍԲ-ի համատեղ խուզարկություն են իրականացվում Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի քաղաքացիների՝ էթնիկ ադրբեջանցիների կողմից բնակեցված մի քանի բնակարաններում: Խուզարկության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալում են 2001, 2010 և 2011 թվականների սպանությունների մեջ կասկածվող անձանց: Ձերբակալության ընթացքում սպանվում են Ադրբեջանից եկած եղբայրներ Զիյադին և Հուսեյն Սաֆարովները: Եվս մի քանի մարդ հոսպիտալացվում է: Մնացածը դատարան են տարվում ծեծի տեսանելի հետքերով: Ընդհանուր առմամբ, մոտ 50 մարդ ձերբակալվում և տարվում են տեղական քննչական կոմիտեի գրասենյակ:
Հունիսի 28-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչում է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Վոլոկովիխին՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած խուզարկությունների ժամանակ «անընդունելի բռնության» վերաբերյալ, որոնց ընթացքում, ըստ Բաքվի, «սպանվել է երկու ադրբեջանցի» և ձերբակալվել ինը մարդ։
Ադրբեջանի Ազգային ժողովի անդամ Նիգար Մամեդովան հայտնում է, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը Ադրբեջան չեղարկվել է՝ «Ադրբեջանի նկատմամբ բռնության» պատճառով։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի անվտանգության ուժերը ձերբակալեցին «Սպուտնիկ» ռադիոկայանի երկու ռուս աշխատակիցների՝ մեղադրելով նրանց Ռուսաստանի ՖՍԲ-ի համար աշխատելու մեջ: «Սպուտնիկ» ռադիոկայանի գրասենյակում խուզարկություններից հետո Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ հարուցեց: Հետաքննությունը տարվում է խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման հոդվածներով: Ադրբեջանում օպերատիվ գործողությունների ընթացքում ընդհանուր առմամբ ձերբակալվում է յոթ անձ: Դրան ի պատասխան՝ հուլիսի 1-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին՝ կապված, «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների» հետ: Իր հերթին, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն կատարած իր վերջին այցի ժամանակ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը Ռուսաստանին բողոքի նոտա է հանձնել՝ «Եկատերինբուրգում օրենքի լուրջ խախտման կապակցությամբ»:
Դրան գումարվում են Բաքվում ռուսների նոր ձերբակալությունները:
2025 թվականի հուլիսի 1-ին Բաքվում ձերբակալվում են 8 ռուսներից բաղկացած խումբ՝ Իրանի հետ, իբր, թմրանյութերի ապօրինի շրջանառության, անօրինական նյութերի առցանց առևտրի և կիբերխարդախության մեղադրանքով: Ռուսները ցուցադրվում են ազգային հեռուստատեսությամբ՝ ծեծի հետքերով՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու պահին: Նույն օրը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանում է Բաքվի հակառուսական գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի նոտային՝ կոչ անելով Ռուսաստանին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին:
Ձերբակալվածների թվում են խոշոր ռուսական տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների 3 աշխատակից, նավթային ընկերության նախկին աշխատակից, հոգեբան, զբոսաշրջիկներ և մեկ ուսանող: Ձերբակալվածները լքել էին Ռուսաստանը 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո: Նրանք կալանավորվում են 4 ամսով:
Հուլիսի 1-ին Եկատերինբուրգում ձերբակալվում են քաղաքի ադրբեջանական սփյուռքի ղեկավար, «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության նախագահ Շահին Շիխլինսկին և նրա որդին։
Հունիսի 29-ին Ադրբեջանում Ռուսաստանի մասնակցությամբ նախատեսված բոլոր մշակութային միջոցառումները չեղարկվում են։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ դա արվել է՝ «հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգի մարզում ադրբեջանցիների նկատմամբ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից կատարված դիտավորյալ և դատական կարգով չեղյալ հայտարարված սպանությունների և բռնության դեպքերը՝ հիմնվելով նրանց ազգային պատկանելության վրա, ինչպես նաև այն փաստը, որ նման դեպքերը վերջերս համակարգված բնույթ են ստացել»:
Ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Միջազգային գրեթե բոլոր փորձագետները Ալիևի այս պահվածքը համարում են տրամաբանական և համարում, որ այս ամենը երկու երկրների միջև ուժերի փոփոխվող հավասարակշռության արդյունք է։ 2020 թվականին Ադրբեջանը հաղթեց Հայաստանի դեմ պատերազմում և սկսեց իրեն դրսևորել որպես տարածաշրջանային առաջատար։ Մինչդեռ Ադրբեջանը մի ժամանակ տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն էր, 2020 թվականի պատերազմը նաև ապացուցեց նրա ռազմական գերազանցությունը։ Չնայած Պուտինը և Ալիևը դաշնակցային համագործակցության հռչակագիր ստորագրեցին ռուս-ուկրաինական պատերազմից մի քանի օր առաջ, Ադրբեջանը Ռուսաստանի կողմից գրավված Ուկրաինայի տարածքները անվանում է «օկուպացված» և մարդասիրական օգնություն է ուղարկում Կիև։ Սակայն Ռուսաստանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ, հաշվի առնելով Ադրբեջանի մասնակցությունը պատժամիջոցների ճնշման ներքո Ռուսաստանը արտաքին աշխարհի հետ կապող նախագծերին։ Հիմնական գազատարները և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մի ճյուղը, որը Ռուսաստանին հնարավորություն է տալիս մուտք գործել ասիական շուկաներ, անցնում են Ադրբեջանով։
Իսկ եթե Թրամփի կամրջի հիմնումից հետո փակվի նաև Հայաստանի ճանապարհը, ապա Ադրբեջանը Ռուսաստանի համար, գրեթե անփոխարինելի երկիր կարող է դառնալ, Հյուսիս-հարավ ճանապարհում:
Ռուսաստանը փորձում է ամեն կերպ թուլացնել լարվածությունը, սակայն ադրբեջանցի գործիչները հակառակ մեսիջներով են հանդես գալիս:
Օրինակ, Ադրբեջանի խորհրդարանի անդամ Ռասիմ Մուսաբեկովի Բաքվի հեռուստաալիքի եթերում արված հայտարարությունը Մոսկվայի և Բաքվի միջև լարվածության նոր կետ է դարձել։
Նա Բաքվի հեռուստատեսությամբ բացահայտ սպառնաց Ռուսաստանին՝ հայտարարելով, որ հակամարտության դեպքում ադրբեջանական բանակը «կջախջախի» ռուսական բանակին, հայտարարելով, թե Ադրբեջանի զինված ուժերը «պրոֆեսիոնալ զորքեր» են, այլ ոչ թե «բանտային հանցագործների մի խումբ», ինչպես, ըստ նրա, որոշ ռուսական ստորաբաժանումներ են:
«Կովկասի աշխարհագրական պայմանները գործնականում անհնար են դարձնում Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական գործողությունները: Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանն անցնում է Մեծ Կովկասյան լեռնաշղթայով: Ինչպե՞ս եք այնտեղ անցկացնելու որևէ տեսակի ռազմական գործողություններ: Կամ դեսանտային գործողություն Ադրբեջանի ափին: Ձեզանից միայն մնացորդներ կմնան»,- հայտարարեց ադրբեջանցի պատգամավորը:
Մուսաբեկովի զայրույթը պայմանավորված էր ռուս պատգամավոր Անդրեյ Գուրուլյովի նախազգուշացմամբ, ըստ որի, եթե ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունները դադարեն, ապա դրանից ավելի շատ կտուժի Ադրբեջանը:
«Եթե Մոսկվան փակի աշխատանքային միգրացիան 500 հազար ադրբեջանցու համար, դա աղետ կլինի Բաքվի համար»,- նշել է պատգամավորը:
Ըստ ռուս փորձագետների՝ Ադրբեջանի հանդեպ միայն տնտեսական պատժամիջոցները բավարար են, որ այդ երկիրը ծնկի գա:
Օրինակ, Ադրբեջանից Ռուսաստանի Դաշնություն արտահանման հիմքը թարմ գյուղատնտեսական արտադրանքն է։ Միայն 2024 թվականին դրա ծավալը հասել է 540 հազար տոննայի՝ 350 միլիոն դոլար արժողությամբ, որտեղ գերակշռում են լոլիկները, որոնց մինչև 30%-ը չի համապատասխանում բուսասանիտարական պահանջներին՝ թունաքիմիկատների չափազանց օգտագործման պատճառով։
Սակայն Ռուսաստանի սննդամթերքի շուկան կախված չէ ադրբեջանական մատակարարումներից։ Հետևաբար, ներմուծման լիակատար դադարեցումը չի հանգեցնի դեֆիցիտի, քանի որ այդ խորշը անմիջապես կլրացվի Ուզբեկստանից, Ղազախստանից, Եգիպտոսից և այլ երկրներից եկող ապրանքներով։
Նշենք նաև, որ Ադրբեջանը Ռուսաստան է ուղարկում պոմիդորի արտահանման 96%-ը և մրգերի մատակարարման ավելի քան 85%-ը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էներգետիկ ոլորտին, որն իր արտահանման առյուծի բաժինն է կազմում, պարզվում է նույնպես կախված է Ռուսաստանից:
Օրինակ, Օգոստոսի 6-ին ռումինական լրատվամիջոցները մեղադրեցին Ռուսաստանին ադրբեջանական նավթը միտումնավոր աղտոտելու մեջ։ Մասնավորապես, պնդվեց, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով մատակարարվող 92 տոննա հումքը պարունակում է օրգանական քլորիդներ կոնցենտրացիաներով, ինչը սպառնում է վերամշակման գործարանի սարքավորումներին։
Ռումինական կողմը ենթադրել է, որ սա կարող է լինել 1700 կմ երկարությամբ խողովակաշարային համակարգ քլոր պարունակող ռեակտիվներ ներարկելու պլանավորված գործողության արդյունք, որը հանգեցրել է երկրի էներգետիկ ոլորտում արտակարգ դրության հայտարարմանը։
Չեխիայի Հանրապետությունը նույնպես բախվել է նմանատիպ խնդրի. Տրանսալպյան խողովակաշարով (TAL) ստացված մոտ 60 հազար խորանարդ մետր ադրբեջանական նավթը նույնպես ցուցաբերել է քլորի կրիտիկական բարձր պարունակություն։
Պարզվում է, որ այս հարցում էլ է Բաքուն լուրջ կախվածության մեջ գտնվում Մոսկվայից:
Ինչ վերաբերվում է հնարավոր ռազմական կոնֆլիկտին, ապա ըստ ռուս փորձագետների, այն կարող է տևել ընդամենը մեկ-երկու շաբաթ, քանզի Ադրբեջանի ռազմական պոտենցիալը թույլ չի տա ավելի երկար դիմակայելու:
Սակայն վերլուծաբանների մեծ մասը կարծում են, որ Ալիևի այս պահվածքը պայմանավորված է այն հանգամանքով, որ իրեն համոզել են, որ հնարավոր կոնֆլիկտի պարագայում, Արևմուտքն ու Թուրքիան իրեն նեցուկ կկանգնեն:
Ինչպես որ ժամանակին խոստացել էին Ուկրաինային և Վրաստանին:
Սակայն տեսակետ էլ կա, որ Ալիևի այս պահվածքը թատերական բնույթ ունի, նա ավելի շատ ուզում է ցույց տալ, քան իրականում ցանկանում է վատթարացնել հարաբերությունները Մսկվայի հետ:
Ինչպես այս ամենը կարող է ազդել Հայաստանի վրա
Ալիևը ավելի շատ ցույց է տալիս, որ պատրաստ է հակադրվել Ռուսաստանին կամ Իրանին, քան՝ իրականում նման ցանկություն ունի:
Նա ավելի շատ հույս ունի, որ նման քաղաքականությամբ կկարողանա մեծ օգնություններ ստանալ Թուրքիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից, այդ պատրվակով, սակայն այդ ուժը կփարձի կիրառել Հայաստանի վրա:
Այս շղթայում Հայաստանը ամենաթույլ օղակն է, և տրամաբանական է, որ Ալիևը առաջին հերթին պիտի այդ ուժն ուղղի Հայաստանի դեմ: Կամ՝ ճնշելով Հայաստանի վրա, ստանա հավելյալ զիջումներ, կամ էլ՝ զինված հարձակումներ կատարի:
Պարզ է մեկ բան. Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի, կամ Իրանի ռազմական պոտենցիալները անհամադրելի են, բայց արևմտյան գործընկերների և Իսրայելի համար պետք է ցույց տալ, որ իր երկիրը կարող է առանցքային դերակատարում ունենալ:
Սակայն այդ աջակցությունն սռանալուց հետո, այն կարող է ուղղել թույլ օղակի՝ Հայաստանի դեմ՝ բերելով տարբեր պատրվակներ:
Հենց այդ պատճառով էլ Ադրբեջանում պատրաստվում է, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, քանզի համոզված են, որ Փաշինյանի իշխանության շարունակության դեպքում, այդ գաղափարի իրականացումը կդառնա իրատեսական՝ նույնիսկ ոչ հեռու ապագայում:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am