Յանուկովիչի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն
Այսօր պետք է որոշում ընդունեն Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական աղբյուրներին: Յանուկովիչի ու նրա ռեժիմի ևս 15 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը ԵՄ-ն պետք է ընդունի այսօր՝ մարտի 2-ին: Պատժամիջոցների երկարաձգման հարցը Բրյուսելում պետք է քննարկեն 28 անդամ-երկրների դեսպանները: Աղբյուրների տեղեկացմամբ՝ որոշումը կարող է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվել մարտի 5-ին, և այն անմիջապես ուժի մեջ կմտնի: Սպասվում է, որ ԵՄ պատժամիջոցային ցուցակից կհանեն Ուկրաինայի առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրևային, քանի որ արտասահմանում նրա հաշվին միջոցներ չեն հայտնաբերվել:
