Քաոս կառաջացնի տարածաշրջանում. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում: Այս մասին ԱԳ նախարարը խոսել է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: «Դա մեծ սխալ կլինի: Տարածաշրջանին կայունություն և խաղաղություն բերելու փոխարեն այն քաոս կառաջացնի: Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է»,- ասել է Չավուշօղլուն, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ նրա՝ ԱՄՆ տվյալ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն մուսուլմանական աշխարհի, այլև ընդհանրապես ողջ աշխարհի դեմ:
